«Մարդիկ կհասկանան, որ Թրամփը Մուսոլինիի վերամարմնավորումը չէ. նա ավելի շատ նման է…»

2B87CD5400000578-0-image-a-4_1440114912851

«Քաղաքական էլիտան համարում է, որ Թրամփն անմիտ է, քանի որ նա չի խոսում այնպես, ինչպես ընդունված է իրենց շրջանակներում, եւ չի հայտարարում, որ  ստատուս-քվոն խաղաղության հասնելու ամենալավ տարբերակն է»,- իտալական Il Corriere della Sera թերթի թղթակից Ֆեդերիկո Ֆուբինիին տված հարցազրույցում ասել է հայտնի բրիտանացի պատմաբան Նիալ Ֆերգյուսոնը: «Բայց չէ որ առկա իրավիճակն անհավասարություն է ծնել, ուժեղացրել է ավտորիտար ռեժիմները, Արեւելյան Ասիայում հանգեցրել է ծանր տնտեսական հետեւանքների»,- նշում է Ֆերգյուսոնը, ով ներկայում բնակվում է ԱՄՆ-ում: Պատմաբանի խոսքերով՝ «Բարաք Օբամայի նախագահության 8 տարիներից հետո Մերձավոր Արեւելքում եւ Հյուսիսային Աֆրիկայում իրավիճակն աղետալի է, իսկ այդ ամենից ամենամեծ օգուտը քաղել է Ռուսաստանը»: «Դժվար է քննադատել Թրամփին, եթե նա կարծում է, որ իր մոտ ավելի լավ կստացվի»,- ավելացրել է պատմաբանը:

Ֆերգյուսոնը գտնում է, որ գոնե Մերձավոր Արեւելքում Թրամփի քաղաքականությունը կարող է ավելի հաջողված լինել: «Բանակցությունների սեղանին Իրանը որպես հակառակ կողմ կարող է կրկին թշնամի դառնալ: Թուրքիան նույնպես վախենում է կորցնել դիրքերը: Թրամփն աշխատելու է ավանդական դաշնակիցների հետ՝ Իսրայելի եւ սուննի արաբական երկրների հետ:  Թրամփի օրոք Մերձավոր Արեւելքում իրավիճակի կարգավորումներ կլինեն, հնարավոր է նաեւ, որ Սիրիայում խաղաղություն լինի»,-կարծիք է հայտնել պատմաբանը:

«Թրամփը փորձում է վերաշարադրել տնտեսական աշխարհակարգի կանոնները, նրա կարծիքով Գերմանիան եւ Չինաստանը կառուցել են իրենց աճն ԱՄՆ-ի առեւտրային պակասուրդի վրա: Նրանք օգտվել են ամերիկյան պահանջարկից, որպեսզի վաճառեն իրենց ապրանքները՝ փոխարենը նույն կերպ չվարվելով: Ամերիկան սպառնում է առեւտրային միջոցներ ձեռնարկել, իսկ չինացիները եւ գերմանացիները դժվար թե կարողանան ինչ-որ բան ձեռնարկել. նրանք չափազանց շատ են կախված ամերիկյան շուկայից: Նրանք պետք է ջանքեր գործադրեին այս տարիների ընթացքում, որպեսզի զարգացնեին ներքին տնտեսությունը եւ ձեւավորեին պահանջարկը»,- ավելացրել է նա:

«Շատերը կարծում են, որ Թրամփը չունի մարտավարություն: Ես խորհուրդ եմ տալիս ուշադրություն չդարձնել տարաձայնություններին, այլ կենտրոնանալ աշխատակազմի իրական գործողությունների վրա,- ասել է Ֆերգյուսոնը: -Մարդիկ կհասկանան, որ Թրամփը Բենիտո Մուսոլինիի վերամարմնավորումը չէ: Եթե արդեն խոսքը դրան է հասնում, ապա նա ավելի շատ նման է Սիլվիո Բեռլուսկոնիին: Վերջինիս դեպքում նույնպես պետք էր տարբերակել, թե ինչ է նա ասում ու ինչ է անում»:

Աղբյուր՝ Il Corriere della Sera

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝