Մոսկվան եւ Բելգրադը ցանկանում են պառակտել Կոսովոն ղրիմյան սցենարով

dd969773-a243-45f4-8442-71e18f1de47e

Կոսովոյի նախագահ Հաշիմ Տաչին գերմանական Bild հանդեսին տված հարցազրույցում հայտարարել է, որ Ռուսաստանը եւ Սերբիան, հնարավոր է, նախաձեռնել են նոր զինված հակամարտություն Բալկաններում, նախապատրաստությունն ընթանում է ամբողջ թափով:

«Սերբերի անվտանգությանն ուղղված սպառնալիքները չեզոքացնելու պատրվակով Սերբիան բացահայտ կերպով սպառնում է հարձակումով եւ օկուպացիայով: Այդ մեղադրանքներն անհիմն են, այդ նույն մարտավարությունը Պուտինը կիրառել է Ղրիմում եւ Ուկրաինայի արեւելքում, միայն թե այնտեղ խոսքը գնում էր ռուսների, իսկ այստեղ սերբերի մասին: Մոսկվայի օգնությամբ Սերբիան ցանկանում է պառակտել Կոսովոն եւ գրավել երկրի մի հատվածը»,-նշել է Տաչին:

Վերջինիս պնդմամբ, Սերբիան լայնածավալ քարոզչական եւ  քայքայիչ գործունեություն է ծավալել՝ այդ թվում սադրելով հատուկ գնացքի հետ կապված սկանդալը: «Այդ գնացքը Սերբիայից մեկնելու է Կոսովո: Ծրագիրը ֆինանսավորում է Ռուսաստանը: Գնացքի վրա մի քանի լեզուներով գրված է՝ «Կոսովոն դա Սերբիան է»: Ըստ մտահղացման, գնացքը պետք է անցնի սերբ փոքրամասնությամբ բնակեցված տարածքներով առանց Կոսովոյի թույլտվության»: «Սերբիան սպառնում է գնացքը պաշտպանելու համար զորքեր կենտրոնացնել, ինչն անհեթեթություն է»,-հայտարարել է Կոսովոյի նախագահը:

Տաչին նաեւ մեղադրում է սերբական իշխանություններին, որ վերջիններս, հաշվի չառնելով ձեռք բերված պայմանավորվածությունները, քաղաքական եւ ֆինանսական անօրինական աջակցություն են ցուցաբերում  Կոսովոյի հյուսիսում գործող զուգահեռ կառույցներին: «Բելգրադի չդադարող սպառնալիքների նպատակն է թույլ չտալ սերբ փոքրամասնության ինտեգրումը Կոսովոյում»,- հայտնել է Հաշիմ Տաչին:

Աղբյուր՝ Bild

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝