«Ռուսաստանին ահաբեկելու ռազմավարությունը մաս-մաս փլուզվում է»

coldarmy

«Դոնալդ Թրամփի մուտքը Սպիտակ տուն հնարավոր է սահմանափակի միջազգային անվտանգության քաղաքականությունում ԱՄՆ-ի զգալի ներդրումը, օրինակ՝ նվազեցնելով ՆԱՏՕ-ում իր ակտիվությունը»,-գրում է Focus-ի թղթակից Ջուլիան Ռորերը:

«Թրամփը մարգինալացնում է ՆԱՏՕ-ն: Դա նշանակում է, որ կսահմանափակվի ամերիկացիների մասնակցությունը Եվրոպայի պաշտպանությանը: Եվրոպային սպառնում է անվտանգության մակարդակի նվազում, իսկ Ռուսաստանին ահաբեկելու ռազմավարությունը մաս-մաս փլուզվում է»,-հայտնել է շվեյցարացի ռազմական փորձագետ Ալբերտ Շտախելը:

Ըստ նրա, դա վտանգավոր ազդակ է միջազգային գործընթացներին նախագահ Պուտինի առավել ակտիվ միջամտության ֆոնին: «Ես կարծում եմ, որ Բալթիկայի երկրների համար առկա է Ռուսաստանի կողմից ռազմական ներխուժման վտանգը: Ինչ վերաբերում է մյուս արեւմտաեվրոպական երկրներին, ապա այնտեղ Պուտինը խաղադրույք է կատարել  հաքերների եւ քարոզչության վրա»,-պնդում է փորձագետը:

«ԱՄՆ-ի դերի նվազման պարագայում Հյուսիսատլանտյան դաշինքի մյուս անդամները պետք է միավորվեն նոր դաշինքի կազմում: Եվրոպային անհրաժեշտ է սեփական միացյալ բանակը, եւ այդ գործում առաջատարի դերը պետք է ստանձնեն Գերմանիան եւ Ֆրանսիան: Գերմանացիները պատասխանատու կլինեն տանկային զորքերի մասով, իսկ Ֆրանսիան՝ միջուկային զենքի: Առանց միջուկային զենքի Ռուսաստանի հանդեպ կիրառվող ահաբեկման ռազմավարությունը չի գործի»,-կարծում է փորձագետը:

Նրա պնդմամբ անհրաժեշտ է նաեւ ավելացնել սպառազինության  ծավալները: «1991թ.-ից սկսած եվրոպացիները միայն կրճատում են սպառազինության ծավալները, իսկ Պուտինը 2008թ.-ից սկսեց իրագործել սպառազինության ծրագիրը, որն ավարտին կհասցվի մինչեւ 2020թ.-ը: Եվ այդ ժամանակ ռուսաստանյան բանակն իրենից հսկայական վտանգ կներկայացնի»,-վստահ է Շտախելը:

«Ռուսաստանյան բանակն այժմ գտնվում է պատրաստվածության բարձր մակարդակի վրա՝ նաեւ սիրիական օպերացիայի շնորհիվ: Սիրիան Պուտինի ուսումնամարզական հրապարակն է: Եվրոպական միացյալ բանակը պետք է մշտապես համատեղ զորավարժություններ անցկացնի, քանի որ բանակն ուժեղ է դառնում, երբ անընդհատ մարզվում է»,-եզրափակում է փորձագետը:

Աղբյուր՝ Focus

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝