ՌԴ դեսպանին գնդակահարած մարդասպանի «բերանը փակե՞լ են»

626c5e2bdc7e430a20c60af3360c25da

«Դեկտեմբերի 21-ին տեղեկատվություն տարածվեց, որ Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի սպանության պատասխանատվությունը ստանձնել է «Ան-Նուսրայի ճակատ» կազմակերպությունը, սակայն ավելի ուշ պարզ դարձավ, որ այդ հայտարարությունը կեղծ է»,- գրում է թուրքական Hurriyet Daily News պարբերականի հրապարակախոս Մուրատ Էթկինը:

«Նման ահաբեկչական կազմակերպությունները սովորաբար ձգտում են հնարավորինս շատ մարդկանց սպանել: Այս դեպքում մարդասպանի միակ թիրախը եղել է ռուսաստանցի դեսպանը: Դատարկելով գրեթե ամբողջ փամփշտակալը, մարդասպանը խնդրել է ներկաներին հեռանալ տարածքից՝ հայտարարելով, որ նրանց դեմ որեւէ բան չունի: Դա սալաֆիթ-ջիհադիստներին ոչ բնորոշ մեթոդ է»:

«Տեսագրություններն ուսումնասիրելուց հետո պարզ է դարձել, որ ցուցահանդեսի անցկացման սրահում եղել է ինչ-որ մեկը, ով կատարել է հրահանգիչի կամ հարձակման հսկիչի դերը: Մինչ որոշակի պահը, մյուս ոստիկան-պահնորդների նման, մարդասպանը կանգնած է դեսպանի թիկունքի ետեւում: Որոշակի պահի նա հապճեպ շարժվում է եւ կոչեր բղավելով կրակում դիվանագետի ուղղությամբ: Փամփուշտների մեծ մասը նա կրակել էր, եւ համոզվելով, որ դեսպանն արդեն մահացած է, մարդասպանը չի շտապում արագ փախչել: Թվում է՝ նա հրահանգիչից  հավաստիացում էր ստացել, որ իրեն ոչինչ չի պատահի»,-նշում է հոդվածագիրը:

«Թուրքական հատուկ ծառայությունները ենթադրում են, որ 95% հավանականությամբ մարդասպան Մեւլութ Մերթ Ալթինթաշը ոստիկանությունում աշխատելու համար հավաքագրվել է իսլամիստ-քարոզիչ Գյուլենի աջակիցների կողմից, իսկ ավելի ուշ ցուցում է ստացել կեղծակերպվել որպես մեկ այլ իսլամիստական կազմակերպության համակիր»:

«Հատուկ ծառայությունները նաեւ հետաքննում են այն վարկածը, որ մարդասպանի «բերանը փակել է» հատուկ ծառայության աշխատակիցներից մեկը, ով սրահ է մուտք գործել դեսպանի սպանությունից հետո: Մարդասպանը հաշվարկել էր, որ ձերբակալությունից հետո իրեն կփրկեն, հնարավոր է, փախուստի իմիտացիայի տարբերակով: Կա նաեւ հավանականություն, որ նրան սպանել է նույն գաղտնի կազմակերպության մեկ այլ անդամ, ով եղել է հատուկ ծառայախմբի կազմում»,-եզրափակում է թուրք հոդվածագիրը:

Աղբյուր՝ Hurriyet Daily News

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝