Ռուս-թուրքական ամուսնություն՝ ըստ հաշվարկի

4b6cb85f-fccc-4e7a-851f-58ff0d214959

«Հնչեցին կրակոցներ, եւ թվում էր հզոր, հավակնոտ երկու տերությունների միջեւ բախումն անխուսափելի է: Սակայն, ո՛չ, Ֆրանց Ֆերդինանդի ժամանակներն անցել են: Թուրքիայում ռուսաստանցի դեսպանի սպանությունը Մոսկվայի եւ Անկարայի միջեւ ձեւավորված, խաղի կանոնները փոխած դաշինքը վիժեցնելու ձախողված փորձ դարձավ»,-The Times-ում գրում է Ռոջեր Բոյսը:

«Համեմատությունը 1914թ.-ի հետ եւ պատերազմի կանխատեսումները տեղին կլինեին մեկ տարի առաջ, երբ թուրքերը խոցեցին ռուսաստանյան օդանավը: Այժմ Թուրքիան, Ռուսաստանը եւ Իրանը ներկայանում են եթե ոչ որպես լավագույն ընկերներ, ապա առնվազն որպես դիրքավորված ուժեր, որոնք ապագայում մաս-մաս են անելու Սիրիան»,-կարծիք է հայտնում հեղինակը:

«Անկարայի եւ Կրեմլի միջեւ գաղտնի շփումները հանգեցրեցին զիջումների ռազմաճակատում. Ռուսաստանը փակեց աչքերն այն փաստի վրա, որ թուրքական ուժերը Հալեպի հյուսիսում սկսեցին նեղել քրդերին, իսկ Թուրքիան բախտի քմահաճույքին թողեց Սիրիական ազատ բանակի զորամիավորումներին»:

«Էրդողանն արդեն ակնարկել է Շանհայի կազմակերպությանը միանալու իր պատրաստակամության մասին, որի կազմում են նաեւ Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը: Դա մի ակումբ է, որի հիմքում հակաամերիկյան, հակաարեւմտյան այլընտրանքն է, որի նպատակն է ներգրավել նրանց, ովքեր այլեւս չեն համակերպվում ԱՄՆ-ի համաշխարհային գերիշխանության հետ: ՆԱՏՕ-ի անդամ եւ Եվրամիության թեկնածու Թուրքիան կարող է խոշոր որսացու դառնալ»,-նշում է հեղինակը:

«Թրամփը խոստանում է, որ ԱՄՆ-ը գործնական հարաբերություններ կունենա հեղինակավոր առաջնորդների հետ, եթե դա բխի երկու կողմերի շահերից, եւ չի պարտադրի լիբերալ աշխարհակարգի վաշինգտոնյան պատկերացումները: Դա դուր է գալիս Պուտինին: Սակայն, եւ Պուտինը, եւ Էրդողանը սկեպտիկներ են, ովքեր կարծում են, որ Թրամփը կդառնա ազդեցիկ լոբբիստների պատանդը: Նրանք երկուսն էլ մնացին իշխանության ղեկին եւ կարող են մնալ մինչեւ 2024թ.-ը: Բավարար ժամանակ կա Մերձավոր Արեւելքը վերաձեւելու համար եւ հետեւելու, թե ինչպես է հիասթափված Արեւմուտքը հապճեպորեն հեռանում տարածաշրջանից»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝