Թուրքիային պետք է Ռուսաստանը, Ռուսաստանին՝ Թուրքիան

despan

«Սոցիալական ցանցերում շատերը զուգահեռներ են տանում Թուրքիայում ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովի եւ Ավստրիայի էրցհերցոգ,  Ավստրո-Հունգարիայի գահի ժառանգորդ Ֆրանց Ֆերդինանդի սպանությունների միջեւ: Ինչպես հայտնի է, վերջինիս սպանությունն Առաջին համաշխարհային պատերազմի բռնկման առիթ հանդիսացավ: Սակայն վերլուծաբանները շտապեցին պնդել, որ համեմատությունը տեղին չէ»,-գրում է Մաքս Ֆիշերը The New York Times-ում:

«Ոչ մի խմբավորում դեռեւս չի ստանձնել Անկարայում կատարված հարձակման պատասխանատվությունը: Ռուսաստանցի դիվանագետին գնդակահարած 22-ամյա երիտասարդն արաբերեն բղավել է «Ալլահ աքբար», եւ դա կարող է բացահայտել նրա արարքի դրդապատճառը:  Ռուսաստանի ռազմաօդային ուժերն առանցքային դեր խաղացին դեպի Հալեպ սիրիական կառավարական զորքերի առաջխաղացման գործում, ինչի արդյունքում Ասադին ենթակա ուժերը գրավեցին ապստամբական շրջանները: Տուժեցին նաեւ հարյուրավոր խաղաղ բնակիչներ»:

«Հնարավո՞ր է արդյոք, որ այդ միջադեպը Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ հակամարտության պատճառ դառնա… քիչ հավանական է: Առայժմ այդ 2 երկրները փորձում են շտկել իրավիճակը եւ փոխգործակցելու պատրաստակամության ազդակներ են հղում միմյանց»,-կարծիք է հայտնում հեղինակը:

Փորձագետ Ահարոն Ստայնը նշում է. «Թուրքիային պետք է Ռուսաստանը, որպեսզի առաջ տանի իր ռազմավարական շահերը: Ռուսաստանին պետք է Թուրքիան, որպեսզի հաղթի՝ ինչպես Սիրիայում: Բոլորն էլ հիմքեր ունեն տեղի ունեցածն ընկալել հասուն մարդու նման»:

«Որեւէ նախանշան չկա, որ Թուրքիան եւ Ռուսաստանը կփոխեն իրենց սիրիական քաղաքականությունը: Թերեւս այդ հարձակումը միայն կամրապնդի նրանց գործընկերությունը»,-պնդում է Ֆիշերը:

Ստայնի կարծիքով, նախագահ Էրդողանը փորձում է մեղադրանքներ ներկայացնել ԱՄՆ-ում բնակվող թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին: «Դա կօգնի Էրդողանին ստանալ Թուրքիայի քաղաքացիների աջակցությունը, ովքեր հակակրանք ունեն ԱՄՆ-ի նկատմամբ: Այստեղ գլխավոր պարտվողը կլինի Վաշինգտոնը: Որքան էլ պարադոքսալ է, դա Վաշինգտոնն է»,-եզրափակում է փորձագետը:

Աղբյուր՝ The New York Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝