Թրամփի պետքարտուղարը եւ հարկային դրախտը

lead_large

«ԱՄՆ-ի հաջորդ պետքարտուղարը կարող է լինել Exxon նավթային կոնցեռնի ղեկավար Ռեքս Թիլերսոնը: Սենատը պետք է հաստատի նրա թեկնածությունը, սակայն շատ սենատորներ, անգամ հանրապետականները քննադատում են Թիլերսոնին Ռուսաստանի եւ նախագահ Պուտինի հետ նրա սերտ կապերի համար: Ավելի շատ քննադատություն կարող է լինել Թիլերսոնի հասցեին՝ կապված Ռուսաստանի հետ իր առաջին գործարքի հետ, ինչի համար նա օգտագործել է Բահամյան կղզիների օֆշորային ընկերությունները»,- Sueddeutsche Zeitung-ում գրում է թղթակից Հաննես Մունցիգերը:

«1998թ.-ին Թիլերսոնը ղեկավարում էր Exxon Neftegas Limited-ը: Ընկերությունը հիմնված էր հիմնականում Ռուսաստանում բիզնես իրականացնելու համար: Թիլերսոնի ազգանունը հայտնվել էր Բահամյան կղզիներում գրանցված ընկերությունների ցանկում: Այդ փաստաթուղթը մեկն է այն միլիոնավոր փաստաթղթերից, որոնք փոխանցվել են  Sueddeutsche Zeitung-ին եւ հայտնի են դարձել Bahama Leaks անվամբ»:

«Ընկերությունը, որը Թիլերսոնը ղեկավարել է առնվազն մինչեւ 2001թ.-ի մայիսը, զբաղվում էր «Սախալին-1» նավթագազային նախագծով: Մասնավորապես Exxon Neftegas-ը Սախալինում իրականացրել է նավթի եւ գազի հանքավայրերի հետազոտական աշխատանքներ: Ընկերությունը գրանցված է եղել Բահամյան կղզիների մայրաքաղաքում, որը համարվում էր դրախտ ստվերային տնտեսության համար»,- գրում է Մունցիգերը:

«ԱՄՆ-ի պետքարտուղարի պաշտոնում Թիլերսոնի թեկնածությունն առաջադրելուց հետո ինչպես դեմոկրատների, այնպես էլ հանրապետականների մոտ դժգոհություն է առաջացնում Իգոր Սեչինի անունը, ով ռուսաստանյան «Ռոսնեֆտ» կոնցեռնի ղեկավարն է, եւ ում նկատմամբ ԱՄՆ-ն եւ ԵՄ-ն պատժամիջոցներ են սահմանել Ղրիմի անեքսիայից հետո»:

«Թիլերսոնը եւ Սեչինն, ինչպես պարզաբանում է հեղինակը, ոչ միայն գործընկերներ են, այլեւ շատ մոտ ընկերներ: Այդ կապակցությամբ քաղաքագետները Թրամփի կառավարությունից սպասում են պատժամիջոցների չեղարկում, որը կանաչ լույս կլինի Արկտիկայում նավթի հետախուզման եւ ձեռքբերման  նոր ծրագրերի համար եւ կբարձրացնի Exxon Mobil բաժնետոմսերի արժեքը: Այդ ամենից օգուտ կքաղի նաեւ Ռեքս Թիլերսոնը, ով, ըստ ընկերության տվյալների, ունի 218 մլն դոլարի բաժնետոմսեր»:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝