Պուտինը ճապոնացիներին կրկին թողեց ձեռնունայն

HRRLuILdoX3usfF46XuM9YeW8CdX9YWy

«Վլադիմիր Պուտինը Ճապոնիայում չէր եղել 11 տարի: Կրեմլի ղեկավարի վերջին այցը կազմակերպված էր բարձր մակարդակով եւ բազում ակնկալիքներ կային: Սակայն արդյունքները դուրս չեկան երկու երկրների միջեւ տնտեսական կապերի ամրապնդման եւ Կուրիլյան 4 կղզիներում համատեղ գործունեություն ծավալելու վերաբերյալ քննարկումների շրջանակից»,-գրում է ֆրանսիական Le Monde հանդեսը:

«Պուտինը Նագանո հասավ 2 ժամ ուշացումով եւ հեռացավ առանց զիջումների: Պատասխանելով ճապոնացի լրագրողների հարցերին, Պուտինը հայտարարեց, որ թեեւ Ռուսաստանը Ճապոնիայի հետ տարածքային խնդիրներ չունի, ինքը պատրաստ է եւս մեկ անգամ քննարկումներ անցկացնել: Ընդունվեց հռչակագիր Կուրիլներում համատեղ տնտեսական գործունեության (ձկնորսություն, տուրիզմ, շրջակա միջավայր) զարգացման վերաբերյալ»:

«Այդ ամբողջ գործունեությունը, բնականաբար, ծավալվելու է ռուսաստանյան օրենսդրության հիման վրա, քանի որ  կղզիները պատկանում են Ռուսաստանին»,-շտապեց հայտարարել Վլադիմիր Պուտինի խորհրդական Յուրի Ուշակովը:

«Վիճելի տարածքային հարցում առաջընթացի հույսեր ունեցող Տոկիոն մեկ քայլ հետ կատարեց՝ հայտարարելով, որ հյուսիսային տարածքների խնդիրը չափազանց նուրբ է մեկ հանդիպման ընթացքում լուծելու համար: Կուրիլների հարցով ռուսների եւ ճապոնացիների միջեւ խորհրդակցությունների վերսկսման հիմք է հանդիսանում 1956թ.-ի համատեղ հայտարարությունը, համաձայն որի ԽՍՀՄ-ը պարտավորվել էր խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո վերադարձնել 2 կղզիները՝ Հաբոմային եւ Շիկոտանը: Սակայն դա տեղի չունեցավ, քանի որ սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ում չէին ցանկանում ռուս-ճապոնական հարաբերությունների կարգավորումը»:

«Օխոտյան ծովը կարեւորագույն ռազմավարական գոտի է հանդիսանում Ռուսաստանի համար. Իտուրուպի եւ Կունաշիրի միջեւ ընկած ծովածոցը, որը զերծ է սառցաշերտից, ապահովում է ելքը դեպի Խաղաղ օվկիանոս: Իզուր չէ, որ Ճապոնիա կատարած այցից առաջ Պուտինը հրահանգեց այդ տարածքներում տեղակայել հրթիռային կայաններ»,-գրում է ֆրանսիական պարբերականը:

Աղբյուր՝ Le Monde

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝