Պուտինին դիմագրավելու եվրոպական կոնսենսուսը վտանգի տակ է

vladimir-poutine-et-francois-fillon-1_4715317

«Ֆրանսիայի նախագահի պաշտոնի աջ կենտրոնամետ թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը խարխլեց Ռուսաստանի հարցում եվրոպական փխրուն կոնսենսուսը: Նրա պնդմամբ, նախագահ Վլադիմիր Պուտինին էմոցիոնալ մոտեցում է ցուցաբերվում: Եվրամիության գագաթաժողովի ժամանակ, որն անցկացվում էր Պուտինի ագրեսիային դիմագրավելու Եվրոպայի վճռականությունը ցուցադրելու նպատակով, Ֆիյոնը հայտարարեց, որ Արեւմուտքի երկրների միջեւ այդ հարցում լուրջ տարաձայնություններ կան»,- Financial Times-ում գրում են Ալեքս Բարքերը, Արթուր Բիսլին եւ Ստեֆան Ուեգսթիլը:

«Ընդօրինակելով ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը, Ֆիյոնը հայտարարել էր.«Ես պարզապես շատ եմ հարգում Ռուսաստանին»: Այդ արտահայտությունը նա արեց կանցլեր Անգելա Մերկելի՝ Մոսկվայի դեմ պատժամիջոցների անդրդվելի պաշտպանի հետ հանդիպումից անմիջապես հետո»:

«Ես միշտ ասել եմ՝ ով էլ որ լինի ռուսաստանցի առաջնորդը՝ Վլադիմիրը, Բորիսը, թե Իգորը, նա հանդիսանում է աշխարհի ամենամեծ պետության ղեկավարը: Եվ Եվրոպան պետք է Ռուսաստանի հետ հարաբերություններում երկարատեւ ռազմավարություն մշակի, եւ ոչ թե առաջնորդվի զգացմունքներով»,-հայտարարել է Ֆիյոնը:

«Մի քանի երկիր՝ այդ թվում Իտալիան, Հունգարիան, Սլովակիան եւ Հունաստանը վաղուց դժգոհում են պատժամիջոցներից եւ կոչ են անում Ռուսաստանի նկատմամբ նոր մոտեցում ցուցաբերել: Նրանց դիրքերը կամրապնդվեն, եթե Ֆիյոնը 2017թ.-ին փոխարինի Ֆրանսուա Օլանդին»,-եզրափակում են Financial Times-ի լրագրողները:

Աղբյուր՝ Financial Times

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝