Սիրիական ողբերգությունից շահեկան վիճակում կհայտնվեն ահաբեկչական խմբավորումները

новости-сирия-дамаск-башар-асад

«Բաշար Ասադի կառավարական զորքերի կողմից Հալեպի նկատմամբ վերահսկողության հաստատումից հետո ստեղծված իրավիճակում առավել շատ օգուտ կստանան իսլամիստները»,- գերմանական Tagesspiegel թերթում գրում է Քրիստինա Բյոմեն:

«Պաշտոնական Մոսկվան եւ Դամասկոսը շոկի ենթարկված աշխարհին կանգնեցրեցին փաստի առջեւ. Հալեպի ճակատագիրը վճռվեց մարտի դաշտում, եւ ոչ թե հեռավոր Ժնեւում կամ Վիենայում՝ բանակցությունների սեղանի շուրջ: Վլադիմիր Պուտինը խաղադրույք կատարեց զինվորականների, թեւավոր հրթիռների եւ ռմբակոծությունների վրա»:

«Ասադը Պուտինի համար լոկ իր նպատակներին հասնելու միջոց է՝ Ռուսաստանի ազդեցության գոտին ընդլայնելու եւ ԱՄՆ-ի հետ հավասար դիրքերից հանդես գալու համար»,-կարծում է Բյոմեն:

«Արդյո՞ք Սիրիայում «մեծ շրջադարձ» տեղի կունենա, կարո՞ղ է Ասադը տոնել հաղթանակը, միթե՞ նա վերջնականապես ջախջախեց իր թշնամիներին: Ասադն այդ ամենից այնքան է հեռու, որքան խաղաղությունը Սիրիայից: Ռուսաստանը եւ Իրանն անհրաժեշտ կլինեն 51-ամյա նախագահին՝ սեփական իշխանությունը պահպանելու համար: Առանց իր հենարանների Ասադի ուժերը չեն բավարարի անգամ մեկ նահանգի վերահսկողության համար: Ալավիների ռեժիմը սեփական ձեռքերով իր համար թշնամիների նոր սերունդներ ստեղծեց»:

«Հալեպի ավերակումը շատ մուսուլմանների կմղի արմատական իսլամիստների շարքերը, հետեւաբար սիրիական ողբերգությունից առավել շահեկան վիճակում կհայտնվեն այնպիսի ահաբեկչական կազմակերպություններ, ինչպիսիք են «Ջեբհաթ ան-Նուսրան», «Իսլամական պետությունը» եւ այլ ջիհադիստական խմբավորումներ: Արդյունքում հակամարտությունը նոր փուլ կթեւակոխի, իսկ կեղեքված Սիրիայում կսկսվի երկարատեւ պարտիզանական պատերազմը՝ ամենօրյա տեռորով, ինչը դուրս կգա սիրիական սահմաններից: Զարհուրելի հեռանկար Եվրոպայի համար»,-եզրափակում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Tagesspiegel

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝