Պալմիրայում «Իսլամական պետության» հաջողություններն ի ցույց են դնում Ասադի թուլությունը

584ea6721935c_1481549426

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման կողմից Պալմիրայի գրավումն ի ցույց է դնում Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադի թուլությունը, ասվում է գերմանական Sueddeutsche Zeitung պարբերականի թղթակից Մորից Բաումշտիգերի հոդվածում:

«Պալմիրայի հինավուրց ավերակների եւ մոտակա Թադմոր քաղաքի համար մարտերը դեռ շարունակվում են: Ռուսաստանցիներն ավելի վաղ հայտարարել էին, որ 64 ավիահարված  են հասցրել եւ ոչնչացրել 300 զինյալների, ինչպես նաեւ տանկեր, ինքնաթիռներ եւ հրետանային զինտեխնիկա, ինչը կանգնեցրել է ջիհադիստների հարձակումը: Սակայն կարճ ժամանակ անց իրավիճակն արմատապես փոխվեց. ԻՊ-ը կարողացավ գրավել Պալմիրան»:

Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի ղեկավար Ռամի Աբդել Ռահմանի խոսքերով՝ զինյալներն իրենց վերահսկողության տակ են վերցրել հինավուրց քաղաքի ամբողջ տարածքը: Սիրիական բանակի զինվորներն, ականատեսների խոսքերով, փախել են:

«Պալմիրայի եւ նավթով ու գազով հարուստ տարածքների կորուստը վերջ դրեց Ասադի ռազմական հաջողությունների շարքին: Այն փաստը, որ սիրիական բանակը միայնակ չկարողացավ պահել քաղաքը, ցույց է տալիս Ասադի բանակի թուլությունը: Հալեպում կազմակերպված գրոհները, որոնց հաջողությունը մեծ մասամբ դաշնակից ուժերի՝ Իրանի, Լիբանանի, Իրաքի եւ Աֆղանստանի շնորհիվ էին, պահանջում են մեծ ուժեր եւ սպառազինություն, հետեւաբար այլ տարածքներում տեղակայելու համար բավարար ուժեր չեն մնում»,- նշվում է հոդվածում:

Աղբյուր՝ Sueddeutsche Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝