Եվրամիությունն ուղի է հարթում Ուկրաինայի եւ Վրաստանի համար

BN-RD303_euukra_J_20161208094942

«ԵՄ անդամ երկրները պայմանավորվել են պարզեցնել ընթացակարգը, որը թույլ կտա դադարեցնել վիզային ռեժիմն այն պետությունների հետ, որոնք ԵՄ անդամ չեն,- հայտնում են The Wall Street Journal թերթի լրագրողներ Լորենս Նորմանը եւ Մարթեն վան Թարթվիյքը: – Դա կվերացնի Ուկրաինայի եւ Վրաստանի հետ վիզային նոր համաձայնագրեր կնքելու հետ կապված խոչընդոտները: Միեւնույն ժամանակ Նիդերլանդներում կրկին քարոզում են վավերացնել ԵՄ- Ուկրաինա առեւտրային համաձայնագիրը»:

Թերթը գրում է. «Նոր մեխանիզմը կտարածվի ավելի քան 50 համաձայնագրերի վրա՝ այդ թվում ԱՄՆ-ի, Կանադայի, Ճապոնիայի, Բրազիլիայի եւ Իսրայելի հետ: Այդ մեխանիզմների վերանայումը Վրաստանի եւ Ուկրաինայի հետ առանց վիզային ռեժիմի համաձայնագիր կնքելու նախապայման է: Դա կարող է տեղի ունենալ արդեն 2017թ.-ի սկզբին»:

Հեղինակները թվարկում են, թե որ դեպքում ԵՄ-ը կարող է ժամանակավորապես չեղարկել առանց վիզային ռեժիմը որեւէ պետության հետ. 1. եթե կտրուկ ավելանում է այդ երկրի քաղաքացիների թիվը ԵՄ սահմաններում՝ ապօրինի տեղափոխված. 2. եթե կտրուկ ավելացել են ապաստան խնդրողների հայտերը. 3. եթե տվյալ երկիրը կհրաժարվի ընդունել այն քաղաքացիներին, ովքեր ԵՄ-ի կողմից ճանաչվել են փախստական:

Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ այժմ Եվրամիությունը հասել է Ուկրաինայի եւ Վրաստանի հետ առանց վիզային ռեժիմի գործարկման ավարտական փուլին: Սպասվում է, որ հաջորդ շաբաթ որոշումը կհաստատեն ԵՄ անդամ երկրների առաջնորդները: Առաջարկվում է նաեւ վավերացնել ԵՄ- Ուկրաինա համաձայնագիրը: «Եվրոպական միասնության պահպանումն» ամենալավ պատասխանն է Պուտինի արտաքին քաղաքականությանը, որն ուղղված է Եվրոպայի սահմանների ապակայունացմանը»- ասված է հայտարարությունում:

Նիդերլանդների վարչապետի խնդրանքով, ԵՄ պաշտոնյանները կազմում են ԵՄ անդամ երկրների ղեկավարների հայտարարությունը: «Այնտեղ նշվում է, որ այդ համաձայնագրով Ուկրաինան ավտոմատ կերպով չի դառնում ԵՄ անդամ, ինչպես նաեւ, համաձայնագիրը, որը պարտադիր կարգով կներառի նաեւ մեծ ֆինանսական օգնություն Ուկրաինային, չի ենթադրում Կիեւի անվտանգության համար որեւէ երաշխիք եւ Ուկրաինայի քաղաքացիներին իրավունք չի տա աշխատել ԵՄ-ում»,- նշվում է հոդվածում:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝