Իրանը եւ Ռուսաստանը ռազմավարական հեռատեսությամբ գերազանցում են Արեւմուտքին

alalam_635913100983864111_25f_4x3

«Եվրոպացիները եւ ամերիկացիները ցնծում են Իրանի հետ միջուկային գործարքի առիթով: Սակայն բացառել պատերազմը չի կարելի. մոլլաների ռեժիմը զենք է գնում եւ ցանկանում է հաղթել Իսրայելին ու Սաուդյան Արաբիային»,- Die Welt-ում գրում է պատմաբան, փորձագետ Միխայել Վոլֆսոնը:

«Իրանցի ռազմավարները եւ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն առաջ են անցել ռազմավարական պլանավորման առումով՝ ետ թողնելով եվրոպացիներին եւ ամերիկացիներին: Ի տարբերություն Արեւմուտքի, Թեհրանն ու Մոսկվան նայում են ապագային եւ մտորում պատմական կատեգորիաներով»:

«Իրանն արտաքին քաղաքականությունում հետեւում է 2 նպատակի: Առաջին՝ բացառել պետության գոյությանը սպառնացող ցանկացած ռիսկ: Ատոմային ռումբը պետք է դառնա ցանկացած հնարավոր ագրեսորին կանխարգելող միջոց: Երկրորդ՝ ոչնչացնել կամ ծայրահեղ դեպքում թուլացնել Իսրայելին, որպեսզի այդ երկրի վրա քաղաքական ճնշում գործադրելու հնարավորություն լինի: Իսրայելը տիրապետում է միջուկային զենքի, եւ Թեհրանը ցանկանում է հավասարեցնել դիրքերը»:

«Միեւնույն ժամանակ Թեհրանը բավականին հաջող կերպով զինում է Սիրիայի, Իրաքի եւ Եմենի իր շիա դաշնակիցներին, նաեւ պառակտող գործունեություն է ծավալում նավթով հարուստ Բահրեյնում եւ Սաուդյան Արաբիայի արեւելքում: Այսօր արդեն Իրանն անցել է Իսրայելին եւ ծովածոցի մյուս արաբական պետություններին»,-կարծիք է հայտնում հոդվածագիրը:

«Այժմ Իրանը կարող է զենք գնել միջազգային շուկայում՝ գերազանցապես Ռուսաստանից, որն արդեն վաղուց աջակցում է Թեհրանին: Պուտինը նույնպես վայելում է այդ ռազմավարության պտուղները: Նա կարող է հրաժարվել Իրանի հետ սպառազինության հետագա գործարքներից, եթե Արեւմուտքը նրան ընդառաջ գնա ուկրաինական եւ սիրիական հարցերում: Այսօր Ռուսաստանը քաղաքական ուղեծրում հանդես է գալիս «միակ անփոխարինելի ուժի» դերում՝ զբաղեցնելով ԱՄՆ-ի դերը»:

«Պուտինը հաղթում է ինչպես ռազմական, այնպես էլ տնտեսական հարթությունում: Նա Թեհրանին վաճառում է իր հին զենքը, իսկ ստացված միջոցներով ձեռք է բերում եւ մշակում նորը: Իսկ Արեւմուտքը ցնծում է խաղաղության առիթով, որը չկա՝ բարձրացնելով պատերազմի ռիսկը: Եվ դա ոչ թե չարամիտ դիտավորություն է, այլ ռազմավարական տեսանկյունից մտածելու անկարողության հետեւանք»,-եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ Die Welt

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝