Մոսուլում ջիհադիստները խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան»

image

«Իսլամական պետության» զինյալները Մոսուլում խաղաղ բնակիչներին օգտագործում են որպես «կենդանի վահան» եւ թույլ չեն տալիս նրանց լքել քաղաքը, տեղեկացնում է BBC-ն:

Այդ մասին հայտնել է Պենտագոնի պաշտոնական ներկայացուցիչ Ջեֆ Դեյվիսը: Նրա պնդմամբ ջիհադիստները խաղաղ բնակիչների կամքին հակառակ նրանց պահում են քաղաքում:

ԻՊ-ը նման մեթոդի արդեն դիմել է սիրիական Մանբիջ քաղաքի պաշտպանության ժամանակ:

Ահաբեկիչները փորձում են այդ կերպ արգելք հանդիսանալ կոալիցիոն ուժերի օդային հարվածներին եւ հետախուզական գործողություններին: Նրանք հրդեհել են նավթահորերը եւ մեքենաների անվադողերը, որպեսզի հարձակվող կողմը չկարողանա տեղորոշել իրենց դիրքերն ու տեղաշարժը:

ՄԱԿ-ն ավելի վաղ նախազգուշացրել էր, որ քաղաքի ազատագրման ժամանակ վտանգի առաջ կհայտնվի Մոսուլում եւ շրջակայքում բնակվող շուրջ  1,2 մլն մարդ:

Հիշեցնենք, որ Իրաքի զինուժը եւ քրդական զորամիավորումները երկուշաբթի օրվանից սկսած Մոսուլի ազատագրման գործողություններ են իրականացնում: Երկու օրվա ընթացքում Մոսուլի արեւելքում գտնվող 9 բնակավայր արդեն ազատագրվել է:

Ցամաքային գործողություններին աջակցում է ԱՄՆ-ի գլխավորությամբ գործող կոալիցիայի օդուժը:

Աղբյուր՝ BBC

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝