Թուրքերի սիրախաղը Պուտինի հետ հրահրում է ՆԱՏՕ-ն

putin-erdogan-ile-yarin-telefonda-gorusecek-28

«Թուրքիայում անհաջող հեղաշրջման փորձից, դրան հետեւած ամենօրյա ձերբակալություններից եւ նախագահ Էրդողանի քաղաքական հակառակորդների պաշտոնանկություններից հետո շատ արեւմտյան դիվանագետներ ասում են. «Այն, ինչ երեկ անհավատալի էր թվում, այժմ դարձել է իրականություն»»:

«Նույնը կարելի է ասել Թուրքիայի արտաքին քաղաքականության մասին. Անկարայի եւ Մոսկվայի միջեւ մի քանի ամիս տեւած սառցե դարաշրջանից հետո Էրդողանը ցուցադրաբար բարեկամություն է փնտրում ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- Der Spiegel հանդեսում գրում է Մաթիաս Գեբաուերը:

«Էրդողանն արդեն օգոստոսի սկզբին հանդիպելու է «իշխանությանը նույնքան սիրահարված» Պուտինին նրա հայրենի Սանկտ Պետերբուրգում: Արեւմուտքի փոխարեն Էրդողանն այժմ թեքվում է դեպի Արեւելք»,- նշում է հեղինակը՝ հավելելով, որ դա հատկապես նկատելի է եղել հեղաշրջումից մի քանի ժամ հետո. դեռ այդ շաբաթ գիշերը Պուտինը դարձավ առաջին օտարերկրյա ղեկավարը, ով հայտնեց իր համերաշխությունը Թուրքիայի նախագահին եւ խոսեց հեղաշրջման դեմ:

«Այս մերձեցումը կարեւոր է Էրդողանի համար, քանի որ նրան անհրաժեշտ են լավ լուրեր երկրում տնտեսական իրավիճակի վատթարացման ֆոնին: Մասնավորապես, ռուսաստանյան ռմբակոծիչի խոցման համար Էրդողանի ներողությունից հետո Պուտինն անմիջապես վերացրեց թուրքական գյուղատնտեսական արտադրանքի վրա դրված էմբարգոն: Այժմ Պուտինն ու Էրդողանը ցանկանում են վերսկսել «Թուրքական հոսք» գազատարի նախագիծը եւ սկսել Թուրքիայում նոր ատոմակայանի շինարարությունը: Թուրքական կառավարությունը նաեւ հույս ունի, որ ռուսաստանցի զբոսաշրջիկները կվերադառնան թուրքական լողափեր, ինչից հետո Էրդողանը կկարողանա «վաճառել» նույնիսկ փոքր բարելավումը որպես սեփական հաջողություն»,- հավաստիացնում է հեղինակը:

«Ընդ որում, թուրք առաջնորդը, կնքելով նման պակտ, անտեսում է արտաքին քաղաքականության վնասները: Էրդողանը գիտի, որ ՆԱՏՕ-ն մեծ մտավախությամբ հետեւում է իր դաշնակցի վերակողմնորոշմանը: Նման սադրանքներն, ընդհակառակը, նրան տեղին են թվում, քանի որ ցույց են տալիս, որ Արեւմուտքից հետագա օտարման դեպքում Թուրքիան ունի այլընտրանքային գործընկերներ: Սակայն Էրդողանը վստահաբար չի հեռանա ՆԱՏՕ-ից»,- գրում է Der Spiegel-ը:

Աղբյուր՝ Der Spiegel

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Դիտվել է՝