«Թուրքիայում վախի մթնոլորտ է, Եվրոպան իր խոսքը պետք է ասի». Օ. Փամուկ

image

«Թուրք հայտնի գրող Օրհան Փամուկի խոսքերով, Եվրոպան չպետք է պատեր կառուցի փախստականների առջեւ, դա սեփական իդեալների դավաճանություն կլինի, իսկ Թուրքիայում ժողովրդավարության վիճակի հետ կապված թուրքական կառավարության նկատմամբ առավել կոշտ դիրքորոշում պետք է ունենա»,-գրում է Մարկո Անսալդոն La Repubblica թերթում:

Նոբելյան մրցանակի դափնեկիրը, ում հասցեին բազմիցս հաշվեհարդարի սպառնալիքներ են հնչել Հայոց ցեղասպանության եւ քրդերի մասսայական սպանությունների վերաբերյալ նրա հայտարարությունների համար, հայտնել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն իրեն վիրավորանք հասցնելու մեջ մեղադրում է մտավորականներին:«Ոչ ոք նրան չի վիրավորում: Խոսքը գնում է նախագահի՝ քաղաքական ընդդիմությանը լռեցնելու, ազատ խոսքին հարված հասցնելու մտադրության մասին: Խոսքը գնում է ժողովրդին, երկրին ահաբեկելու մասին, որպեսզի ոչ ոք չփորձի քննադատել կառավարությանը»,-նշել է Փամուկը:

«Ինձ խիստ մտահոգում է մամուլի ազատության հարցը: Կառավարությանը քննադատող լրագրողներին սպառնում են, հեռացնում աշխատանքից, լրատվամիջոցները փակում: Վերջին տարիներին մեր իսլամամետ կառավարությունը կորցնում է իր լիբերալ դեմքը, դառնում առավել ավտորիտար»,-կարծիք է հայտնել թուրք գրողը:

«Եվրոպացիները պետք է Թուրքիայի հանդեպ առավել կոշտ դիրքորոշում ունենան մարդու իրավունքների խախտումների հարցում: Ես հուսով եմ, որ երբ եվրոպացի առաջնորդները սեղմում են իրենց թուրք գործընկերների ձեռքը, նրանց հիշեցնում են խոսքի ազատության վիճակի մասին: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը եւ Եվրոպայի մյուս առաջնորդները պետք է ոչ միայն կենտրոնանան ներգաղթի եւ Թուրքիայից ժամանող փախստականների խնդրի վրա, այլեւ մեր կառավարության հետ պետք է քննարկեն ժողովրդավարության հետ կապված հարցերը: Եվրոպան իր շուրջը պատեր կառուցելով խարխլում է սեփական արժեքների հիմքերը»,-եզրափակել է Փամուկը:

Աղբյուր՝ La Repubblica

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝