Ջորջ Սորոսին Եվրոպայում հեղափոխությո՞ւն է անհրաժեշտ

george-soros-behind-muslim-migrants-europe-uk-hungary-933x445 (1)

«Արդյո՞ք չի քայքայում Ջորջ Սորոսը եվրոպական պետական ինքնիշխանությունը: Մի քանի շաբաթ առաջ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը մեղադրել էր միլիարդատեր ֆինանսիստին այն բանի համար, որ նա հրահրում է եվրոպական մայրցամաքում Մերձավոր Արեւելքի եւ այլ տարածաշրջաններից փախստականների ներհոսքը»,-գրում է Ադրիել Կասոնտան The American Conservative պարբերականում:

«Որպես մարդ (պատմաբան Նորման Դեյվիս), ով ծնվել եւ մեծացել է Լեհաստանի կենտրոնական մասում՝ Լոձ քաղաքում, ես լավ հասկանում եմ, թե ինչու է Օրբանը զբաղեցնում նման կոշտ ու համառ դիրքորոշում Եվրոպայում ներկայիս ներգաղթի ճգնաժամի հարցում: Լեհաստանը երկիր է, որտեղ երկար ժամանակ իշխել են օտարները»,-հայտարարել է Դեյվիսը:

«1793 թվականի Լեհաստանի երկրորդ բաժանումից հետո իմ հայրենի քաղաքը մտավ Պրուսիայի թագավորության կազմի մեջ եւ դարձավ Հարավային Պրուսիա նահանգի մասը: Գերմաներեն այն կոչվում էր Լոդշ: Այնուհետեւ 1806-ին քաղաքը դարձավ Վարշավյան մեծ դքսության մաս, իսկ Վիենայի կոնգրեսից հետո դարձավ Լեհաստանի թագավորության մասը: Վիենայի պայմանագրի ստորագրումից հետո մեծ թվով ներգաղթյալներ ամբողջ Եվրոպայից (հիմնականում հարավային Գերմանիայից, Սիլեզիայից եւ Բոհեմիայից, ինչպես նաեւ Պորտուգալիայից, Անգլիայից, Ֆրանսիայից եւ Իռլանդիայից) շտապեցին դեպի այդ ավետյաց երկիր: Այս քաղաքականության շնորհիվ Լոձը դարձավ Կենտրոնական Եվրոպայից մինչեւ Ալյասկա ձգվող Ռուսական կայսրության տեքստիլ արդյունաբերության գլխավոր կենտրոնը»:

«Երբեմն այս քաղաքը նույնիսկ անվանում էին «լեհական Մանչեսթեր»: Իրենց ներդրումը տարածաշրջանի հարուստ եւ բազմազան մշակույթի մեջ կատարել են լեհ, հրեա, գերմանացի, ռուս մարդիկ, եւ դա ապահովեց Լոձի արագ զարգացումը, որը տեղակայված է եվրոպական ճանապարհների խաչմերուկում: Այսօր այս մարդիկ մտահոգված են եւ ուզում են պահպանել իրենց ինքնությունը եւ բարեկեցությունը»,-նշել է պատմաբանը:

«Միգրացիայի միջազգային կազմակերպության զեկույցի համաձայն՝ այս տարի եվրոպական մայրցամաք է ժամանել 760.979 մարդ: Կարեւոր է նայել այս ճգնաժամին ոչ միայն տնտեսական, քաղաքական եւ մարդասիրական տեսանկյուններից, այլ նաեւ հաշվի առնել եվրոպացիների հոգեվիճակը՝ հասկանալու համար, թե ինչ է կատարվում եվրոպական մայրցամաքում եւ ժողովրդի մտքում»:

«Այն ամենը, ինչ տեղի է ունենում մեր աչքի առաջ, ստեղծում է պայթյունավտանգ հետեւանքներ ամբողջ Եվրոպայի համար,- վերջերս Frankfurter Allgemeine Zeitung-ի էջերում գրել է Օրբանը: -Եվրոպական արձագանքը՝ անմտություն է: Մենք պետք է գիտակցենք, որ այս իրավիճակի պատասխանատվությունը կրում է Եվրամիությունը միգրացիոն իր սխալ քաղաքականությամբ»:

Օրբանի խոսքերով՝ այն եվրոպացի քաղաքական գործիչները, ովքեր խոստանում են միգրանտներին ավելի լավ կյանք, ցուցաբերում են անպատասխանատվություն: «Եթե Եվրոպան չվերադառնա ողջամտության, նա կպարտվի ճակատագրի ճակատամարտը»:

«Սորոսի նման ակտիվիստները, որոնց կազմակերպությունները կրում են միգրանտների Եվրոպա ժամանելու կոչերի մեղքի մի մասը եւ համոզում են եվրոպացիներին, որպեսզի սահմաններն ու ինքնիշխանությունը հայտարարվեն անցյալի մնացուկ, փորձում են զրկել մեզ ինքնիշխանության իրավունքից եւ պիտակավորում են մարդկանց այն բանի համար, որ նրանք պահպանում են իրենց քրիստոնեական հնացած ինքնությունը»,-գրում է հոդվածագիրը:

«Իր ծրագրում Օրբանը պետական սահմանների պաշտպանությանը վերաբերվում է որպես նպատակ, իսկ փախստականներին համարում է խոչընդոտ: Սակայն մենք մեր ծրագրում վերաբերվում ենք փախստականներին որպես նպատակ, իսկ պետական սահմանները համարում ենք խոչընդոտ»,- գրել է միլիարդատեր-ներդրողը Bloomberg News-ին հասցեագրված նամակում:

«Այդ պատճառով զարմանալի չէ, որ եվրոպացիներն այս կարգի հռետորաբանությունն ընկալում են որպես հարձակում «ավանդական եվրոպական կենսակերպի» վրա: Ներգաղթը միշտ եղել է մշակույթի հարց, եւ այստեղ վտանգված է ինքնությունը: Ճգնաժամը Եվրոպայում արդեն վնաս է պատճառում, ինչը դժվար կլինի վերացնել, քանի որ միգրացիոն հոսքերով պայմանավորված երկրները սկսում են վիճաբանել միմյանց հետ: Դեռ պարզ չէ, արդյո՞ք սա կհանգեցնի ավելի լուրջ տեղաշարժերի եւ զայրույթի, բայց մենք պետք է ուշադիր հետեւենք հասարակության շրջանում առկա տրամադրություններին: 1848 թվականի հեղափոխությունները մեծ անակնկալ չեն եղել այն մարդկանց համար, ովքեր կարողացել են տեսնել հասարակության խորքերում տեղի ունեցածը: Ֆրանսիացի հայտնի փիլիսոփա Ալեքսիս դը Թոքվիլը, օրինակ, 1848-ի սկզբին գրել է. «Մենք քնած ենք հրաբխի վրա… փչում է հեղափոխության քամին, հորիզոնում փոթորիկ է»: Թվում է, որ այսօր եվրոպական ազգայնականության պայթյունը կանխելու միակ հնարավորությունը մեր Եվրոպան քայքայող փոփոխության քամու դեմ հանդես գալն է»,-գրում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ The American Conservative

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Դիտվել է՝