Ինչո՞ւ է Վլադիմիր Պուտինը կրկին հանդիպում Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ

upload-RIAN_02326449

Վլադիմիր Պուտինը 2013թ.-ի նոյեմբերի 25-ին արդեն հանդիպել էր Հռոմի պապ Ֆրանցիսկոսի հետ,- Le Figaro թերթում գրում է Ժան-Մարի Գենուան:

«Պուտինը Հռոմի պապի հետ կհանդիպի նաեւ մի քանի օրից՝ հունիսի 10-ին, եւ դա կլինի երկրորդ հանդիպումը երկու տարվա ընթացքում: ՌԴ նախագահը կօգտվի այն հանգամանքից, որ մասնակցելու է Միլանում տեղի ունենալիք միջազգային ցուցահանդեսին, որպեսզի այնուհետ մեկնի Հռոմ եւ հանդիպի Իտալիայի նախագահ Սերջիո Մատարելլային, սակայն, առաջին հերթին, որպեսզի այցելի Վատիկան»,- գրում է թղթակիցը:

«Հստակ պարզ է, որ ուկրաինական գործընթացը, ինչի պատճառով Ռուսաստանը մեկուսացման մեջ էր հայտնվել, կլինի ուշադրության կենտրոնում: Ռուսաստանի նախագահը կգնահատի՞ Պապի կարծիքը, ով դատապարտելով Ուկրաինայում տիրող բռնությունը որոշ չափով ներողամիտ վերաբերմունք ցուցաբերեց Մոսկվայի նկատմամբ»,- հարցնում է թղթակիցը:

«Բացի Ուկրաինայի հարցից, Վատիկանի դիվանագիտությունը կցանկանար հույս դնել Ռուսաստանի վրա Մերձավոր Արեւելքում, մասնավորապես Սիրիայում տիրող իրավիճակը կարգավորելու հարցում: 2013թ.-ի սեպտեմբերին Հռոմի պապը դիմել էր Պուտինին, ով այդ ժամանակ գլխավորում էր G20-ը՝ կոչ անելով մասնակցել Սիրիայի ճգնաժամի դիվանագիտական կարգավորմանը: Ռուսաստանը երախտապարտ է Պապին՝ իր դիրքորոշման համար: Հայտնի է, որ Մոսկվան միշտ ուշադրությամբ հետեւել է այդ տարածաշրջանում առկա իրավիճակին ոչ միայն ռազմավարական հետաքրքրություն ունենալու, այլեւ ուղղափառ սրբավայրերի պահպանման ցանկության պատճառով»,- նշում է հեղինակը:

«Պուտինն ու Ֆրանցիսկոսը գիտակցում են, որ կաթոլիկ եւ ուղղափառ եկեղեցիների մերձեցմանը կնպաստեն Վատիկանի եւ Կրեմլի միջեւ լավ հարաբերությունները, նույնիսկ եթե դրա համար տարիներ պահանջվեն: Վատիկանը վաղուց էր ձգտում Հռոմի պապի այցելությանը Մոսկվա, սակայն հիմա Պապի համար առաջնայինը Չինաստանն է:  Բոլորին է հայտնի Պապի դիվանագիտական հմտությունները. առանց արձանագրության զրույցների ժամանակ նա կարող է նպաստել մերձեցմանը կամ անխորտակելի թվացող պատնեշների անսպասելի անկմանը (ինչպես օրինակ ամերիկացիների եւ կուբացիների դեպքում էր): Դա, անկասկած, Ֆրանցիսկոսի «պապական լսարանի մշակույթի» առավել հզոր ներուժն է», – գրում է թղթակիցը:

Աղբյուր՝ Le Figaro

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝