«Պորոշենկոն ինչպե՞ս կարող է լինել հայրենասեր, երբ ՌԴ-ում շուրջ 100 մլն դոլարի հարկ է վճարում»

001

«Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլյա Տիմոշենկոն նախագահական ընտրություններին ընդառաջ արված սոցհարցման առաջատարն է, սակայն նրա հակառակորդները եւս շատ են, ովքեր մտավախություն ունեն, որ նա չափազանց մտերիմ է Մոսկվայի հետ»,-գրում է The Washington Post հանդեսը: Թերթի լրագրող Լելլի Ուեյմութին տված հարցազրույցում Տիմոշենկեն խոսել է Ռուսաստանի եւ Պուտինի հետ իր փոխհարաբերությունների մասին:

«Ուկրաինայի ապագան ես տեսնում եմ Եվրամիության կազմում եւ որպես ՆԱՏՕ-ի լիիրավ անդամ: Ձեզ լավ հայտնի է, որ ռուսամետ նախագահ Յանուկովիչն ինձ բանտ նստեցրեց: Եթե ես լինեի Ռուսաստանի կողմից, ապա Պուտինը կասեր Յանուկովիչին՝ ինձ բանտ չնստեցնել, եւ Յանուկովիչը երբեք դա չէր անի»,-հայտարարել է Տիմոշենկոն:

Մեկնաբանելով այն միտքը, որ ուկրաինացիները մտավախություն ունեն, թե Տիմոշենկոն Ուկրաինայի արեւելքում հակամարտությունը կարգավորելու համար կարող է գնալ գործարքի, քաղաքական գործիչը նշել է. «Ո՛չ, կտրականապես՝ ոչ՛: Իմ եւ Պուտինի իբր առանձնահատուկ հարաբերությունների մասին առաջին անգամ 2006-2007թ.թ.-ին խոսեց Փոլ Մանաֆորտը: Դատախազ Մյուլլերը հրապարակեց փաստաթղթեր, որոնք ապացուցում էին, որ Մանաֆորտը միլիոնավոր դոլարներ է ստացել ինձ վարկաբեկելու համար: Դա ծառայությունների մի մասն է, որ նա արել է Յանուկովիչի համար: Ուկրաինայի ներկայիս նախագահը, ըստ էության, կրկին կիրարկում է նույն փաստարկները, որոնք հորինել են Մանաֆորտը եւ նրա թիմը»:

«Դոնբասի իրավիճակը բարդ է: Մենք չենք ցանկանում այսպես կոչված խաղաղությունը, եթե դրան պետք է հասնենք Ուկրաինայի կապիտուլյացիայի հաշվին: Մենք կարծում ենք, որ խաղաղության կարելի է հասնել միայն ուկրաինական տարածքների ամբողջական վերականգնման դեպքում»,-հայտնել է Տիմոշենկոն:

Ըստ նրա՝ Արեւմուտքն իր կողմից կարող է օգնել պատժամիջոցներով եւ Պուտինի նկատմամբ ճնշումներով: «Առավել շատ պատժամիջոցներ: Ավելին, մեր բանակը պետք է ունենա շատ ուժեղ պաշտպանական գիծ, դրան է վերաբերում նաեւ առավել ճշգրիտ մահաբեր զենքերի մատակարարումը, եւ, իհարկե, Ուկրաինան պետք է դառնա տնտեսապես հզոր երկիր: Տնտեսական աճը փափուկ ուժ է, ինչը կարող է համոզել մարդկանց մնալ Ուկրաինայում»,-կարծում է քաղաքական գործիչը:

Տիմոշենկոյի խոսքերով՝ տնտեսական աճի համար անհրաժեշտ է փլուզել կառավարման կոռումպացված համակարգը, տարանջատել քաղաքականությունը բիզնեսից: «Պորոշենկոն կառավարման այս կոռումպացված համակարգի դեմքն է: Նա շահավետ պետպատվերներ է շնորհում այն կազմակերպություններին, որոնք կոռուպցիոն սխեմաների միջոցով իրեն են պատկանում, եւ դա ոչ մեկի համար գաղտնիք չէ»,-հայտնել է Տիմոշենկոն:

«Նողկալին այն է, որ վերջին շրջանում նա ձգտում է բոլոր այդ կոռուպցիոն գործերը քողարկել գերհայրենասիրական հռետորաբանությամբ: Հենց այդ պատճառով էլ նա այդքան ցածր վարկանիշ ունի: Մարդիկ չեն կարողանում հասկանալ՝ ինչպե՞ս կարող է այդ մարդը լինել հայրենասեր, երբ նրա բիզնեսը Ռուսաստանում տարեկան ավելի քան 100 մլն դոլարի հարկ է վճարում: Ահա թե ինչու գործող նախագահին այսօր աջակցում է բնակչության առավելագույնը 10%-ը: Ես կհաղթեմ, եւ Ուկրաինան կընդգրկվի Եվրամիության ու ՆԱՏՕ-ի կազմում, այն կլինի հզոր եւ բարգավաճող երկիր»,-ընդգծել է Յուլյա Տիմոշենկոն:

 Աղբյուր՝ The Washington Post

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝