Կոմունիզմի 100 տարին եւ 100 միլիոն զոհերը

4dd60af2851adf1031f5e4f0d7228ad3_lgc3ab49

«Լրանում է 100 տարին այն օրվանից, երբ զինված բոլշեւիկները Պետրոգրադում (Սանկտ Պետերբուրգ) գրավեցին Ձմեռային պալատը եւ ձերբակալեցին Ռուսաստանի Ժամանակավոր կառավարության նախարարներին: Նրանք այնպիսի իրադարձությունների մեկնարկ տվեցին, որոնց արդյունքում հետագայում զոհվեցին միլիոնավոր մարդիկ, եւ արեւմտյան քաղաքակրթությանը գրեթե մահացու վիրավորում հասցվեց»,- The Wall Street Journal թերթում գրում է «Խելագարության դարաշրջան. Խորհրդային Միության փլուզումը եւ անկումը» գրքի հեղինակ Դեյվիդ Սեթերը:

«Այն երկրներում, որտեղ կոմունիզմը հաղթեց, այն թուլացրեց հասարակության բարոյական հիմքը՝ անհատականությունը հասցնելով ամենացածր մակարդակի եւ այն դարձնելով պետական մեքենայի պտուտակը: Կոմունիստները նման ծավալի սպանություններ են իրականացրել, որպեսզի ամբողջովին ոչնչացնեն կյանքի արժեքը եւ խորտակեն վերապրածների անհատական գիտակցությունը»,- գրում է հեղինակը:

«Խորհրդային Միության ավելի քան 20 մլն քաղաքացիներ սպանվել են ռեժիմի կողմից կամ զոհվել նրա վարած ռեպրեսիվ քաղաքականության արդյունքում: Նրանց թվում են «Կարմիր ահաբեկչության» ընթացքում 200 հզր սպանվածները, 11 մլն սովից եւ կուլակաթափությունից մահացածները, 1937-38թ.թ.-ին «մեծ ահաբեկչության» ընթացքում 700 հազար մահապատժի ենթարկվածները, եւս 400 հազարի գնդակահարել են 1929-1953թթ. ընթացքում, 1.6 մլն-ը զոհվել են բռնի տեղահանման հետեւանքով եւ առնվազն 2.7 մլն-ը մահացել են աքսորավայրերում»,- գրում է հեղինակը:

«Եթե այդ ցուցակին ավելացնենք սպանությունները, որին հանգեցրել է կոմունիստական ռեժիմը՝ Խորհրդային Միության կողմից ստեղծված եւ աջակցվող, մասնավորապես Արեւելյան Եվրոպայում, Չինաստանում, Կուբայում, Հյուսիսային Կորեայում, Վիետնամում եւ Կամբոջայում, ապա զոհերի ընդհանուր քանակը հասնում է 100 մլն-ի: Դա կոմունիզմը դարձնում է մարդկության պատմության մեծագույն աղետը»,- նշում է Սեթերը:

«Խորհրդային Միությունը վերաիմաստավորեց մարդկային բնությունը եւ մտավոր քաոս տարածեց: Երբ սպանությունները դարձան չափազանց բացահայտ, Միության համակիրները դա արդարացրեցին ազնիվ նպատակների դրսեւորման հանգամանքով»,- ասվում է հոդվածում:

«Հիմա Խորհրդային Միությունը եւ միջազգային կոմունիստական համակարգը, որը երբեւիցե ղեկավարում էր երկրի մեկ երրորդ մասը, անցյալում են: Սակայն ներկա պահին առավել բարձր բարոյական արժեքների պահպանման առաջնահերթությունը նույնքան կարեւոր է, որքան 19-րդ դարում, երբ դրանք առաջին անգամ լրջորեն վիճարկվեցին»,- եզրափակում է հեղինակը:

Աղբյուր՝ The Wall Street Journal

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝