«Մեր տնտեսությունը սպառել եւ ոչնչացրել ենք»

SAND

Երեկ ՀՀ կառավարությունը պաշտոնապես հայտարարեց, որ Մաքսային միությանը Հայաստանի անդամակցումը կհանգեցնի գնաճի: Սակայն, ՀՀ էկոնոմիկայի նախարարի հաշվարկներով, այդ ընդհանուր գնաճը կկազմի 1,5 տոկոս ընդամենը, որը էական նշանակություն չի ունենա Հայաստանի տնտեսության համար: Իսկ ավելի վաղ, երբ ՀՀ կառավարության պաշտոնական կայքէջը դեռ նոր էր հրապարակել ՀՀ-ի՝ ՄՄ անդամակցման «ճանապարհային քարտեզը», էկոնոմիկայի նախարարության վերլուծություններով՝ Հայաստանում գնաճ կգրանցվի ներկրվող ապրանքների 60 տոկոսի դեպքում, իսկ 40 տոկոսի դեպքում հակառակը` ՀՀ քաղաքացին կնկատի գնանկում եւ էժանացում:

Հետաքրքիր է՝ ինչպես կարձագանքի հայաստանյան պարենային շուկան: ՀՀ Ազգային վիճակագրության ծառայության պաշտոնական կայքէջում հրապարկված են ՀՀ ներմուծվող ապրանքները՝ ըստ տեսակների եւ ներկրման երկրի: Հայաստանի Հանրապետության արտաքին առևտուրը 2012 թվականի զեկույցում պարզ երեւում է, որ ՀՀ պարենային շուկայի ապրանքատեսականու գերակշռող մեծամասնությունը հիմնականում ներկրվում է ԱՊՀ անդամ երկրներից, հատկապես՝ Ռուսաստանից:

 1․ Կենդանի կենդանիներ

2․ Միս և մսից ենթամթերք

3․ Ձուկ և խեցգետնավորներ, մանրուքներ և այլ ծովային անողնաշարավորներ

4․ Կաթ և կաթնամթերք, թռչնի ձու, բնական  մեղր և այլ կենդանական ծագման սննդամթերք

5․ Այլ կենդանական ծագման ապրանքներ

6․ Կենդանի ծառեր, թփեր և այլ բույսեր

7․ Բանջարեղեն և այլ կերային արմատապտուղներ և հատապտուղներ

8․ Ուտելի մրգեր և ընկույզներ, ցիտրուսային կամ բոստանային մշակաբույսերի կեղևներ և կլեպներ

9․ Սուրճ, թեյ, մատե, այլ համեմունքներ

10․ Հացահատիկներ ․․․

Կարելի է միանշանակ փաստել, որ օրինակ հացահատիկի պարագայում ՀՀ-ում որեւէ խնդիր չի առաջանա: Սակայն, ըստ մասնագետների, սա չի նշանակում ամենեւին, որ պարենային շուկայում գնաճ չի լինի: Կարող է գնաճը լինել ընդհանուր կամ էլ երկրորդական գնաճ՝ դրսից ներմուծվող այլ ապրանքի հետեւանքով առաջացած:

Տնտեսագետ, Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարար Էդվարդ Սանդոյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց․

«Շաքարավազը, բենզինը, մեքենաները, այս տիպի բաներ, պահեստամասեր… գնաճը այ այստեղ կլինի: Երրորդ երկրներից ներմուծվող էական ապրանքատեսակները եւ որոնք անուղղակի կերպով կազդեն նաեւ այն ապրանքատեսակների վրա, որոնք կներմուծվեն ՄՄ անդամ երկրներից: Օրինակ՝ մեքենաների մաքսազերծման հետեւանքով եթե մեքենայի գինը թանկացավ, դա չի՞ նշանակի, որ պանիրն էլ կթանկանա, որը տեղափոխում են մեքենայով: Նույնը կարող ենք ասել բենզինի պահով եւ այլն»:

 Ըստ որում, ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքէջում զետեղված «Ավտոտրանսպորտային միջոցների ներմուծման վիճակագրություն»-ը ցույց է տալիս, որ միայն 2013 թ-ի առաջին 9 ամիսների կտրվածքով ՀՀ տարածք ներմուծվել է 28 129 մարդատար ավտոմեքենա, որից 1164-ն է միայն ՌԴ արտադրության:

Պարոն Սանդոյանի խոսքերով՝ դեռ ոչ ոք չի կարող ասել՝ որքան կլինի գնաճը, ըստ նրա՝ շղթայական կլինի այն՝ պայմանավորված նաեւ մեկը մյուսով: Ֆինանսների և էկոնոմիկայի նախկին նախարարը նաեւ մեզ հետ զրույցում նշեց, որ ՀՀ էկոնոմիկայի ներկա նախարարը իր լավ ընկերն է, բայց ինքը դժվարանում է ասել՝ համաձայն է արդյոք նրա հաշվարկների հետ, որ Հայաստանում գնաճը ՄՄ անդամակցումից հետո կկազմի 1,5 տոկոս:

Էդվարդ Սանդոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ ինքը հաշվարկներ չի արել, բայց ավելի շատ հակված է կարծելու, որ գնաճը ավելի մեծ կլինի, թեեւ նրա խոսքերով՝ 1,5 տոկոսն էլ քիչ չէ Հայաստանի համար:

Ֆինանսների նախկին նախարարը նաեւ ասաց, որ կարեւոր է ոչ թե մանրուքների հետեւից ընկելը, ինչպես օրինակ՝ քանի ապրանք կթանկանա, քանիսը կէժանանա, այլ պետք է մտածել այն մասին, որ մենք խոշոր հաշվով տնտեսություն չունենք եւ մտնում ենք միություն, որտեղ կարող ենք ամբողջովին տանուլ տալ:

«Ամենաէական հարցը, որ գրեթե ոչ ոք չի զբաղվում, դա այն է՝ մենք պիտի մրցունակ տնտեսություն ունենանք, այնպիսի միջավայր ստեղծենք, այնպիսի պայմաններ, որ մտածենք ներդրումների մասին: Այլապես ոչինչ չենք ստանա, հակառակը՝ կտուժենք: Ռուսաստանը այդ միության շարժիչ ուժն է, ըստ էության, 1,5 տոկոս տնտեսական աճ ունի: Ինքը՝ Ռուսաստանը, ճգնաժամային վիճակում է, պետք է ոչ թե նմանակենք, այլ պետք է ունենանք լավագույն բիզնես միջավայր, ներդրումային մթնոլորտ, այլապես ինչ-որ բան կթանկանա, կէժանանա, դա չէ խնդիրը: Խնդիրն այն է, որ եթե ոչինչ չենք անում ու մտնում ենք մեծ համակարգ՝ չունենալով ոչինչ, մենք կտուժենք, մենք լավ վիճակում չենք: Մեր տնտեսությունը սպառել եւ ոչնչացրել ենք»:

Պարոն Սանդոյանի խոսքերով՝ ցանկացած ինտեգրացիա ֆունկցիոնալ բարեփոխումների է ենթարկվում, եթե մենք ունենանք նորմալ տնտեսություն: Իսկ եթե չկա մրցակցություն, ապա այնքան էլ կարեւոր չէ՝ ինչ ենք ներմուծում եւ որտեղից:

 

Քրիստինա Մկրտչյան
Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>