Հայաստանը 6 կետով բարելավել է դիրքը Doing Business-ում

952896-320x228

Հայաստանը Համաշխարհային բանկի գործարարությամբ զբաղվելու դյուրինության (Doing Business) վարկանիշում 41-րդն է, նախորդ տարվա 47-րդ տեղի համեմատ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` Համաշխարհային բանկի խմբի հրապարակած «Գործարարություն» զեկույցի ցուցանիշները ներկայացնելով՝ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Սիլվի Բոսութղոն նշեց, որ Հայաստանի վարկանիշի առաջընթացի հիմնական պատճառները տարբեր բարեփոխումներում արտացոլված գործարարության կարգավորման միջավայրի բարելավումներն են: «Սահմանագծից հեռավորության ցուցանիշով, որը գնահատվում է երկրի կանոնակարգման արդյունավետության բացարձակ մակարդակի 0-ից 100 սանդղակով, որտեղ 0-ն համապատասխանում է ամենացածր կատարողականին, իսկ 100-ը` սահմանագիծն է, Հայաստանի միավորը «Գործարարություն 2019» զեկուցում բարձրացել է 75.37-ի`«Գործարարություն 2018»-ի 73.31-ի դիմաց: Սա նշանակում է, որ Հայաստանն իր գործարար կարգավորումները բարելավել է»,- նշեց նա:

Բոսութղոն տեղեկացրեց, որ «Գործարարություն» զեկույցի եզրահանգմամբ՝ Հայաստանը նշանակալի բարելավումներ է ներդրել հինգ ոլորտներում: Մասնավորապես՝ Հայաստանը ընկերությունների հիմնումը դյուրացրել է` տալով իրավաբանական անձի գրանցման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարող կամավոր հաշվառվելու հնարավորություն: «Հայաստանն էլեկտրականության ստացումը ավելի արագ է դարձրել`էլեկտրականության նոր միացում ապահովելու ընթացակարգերի համար սահմանելով ավելի կարճ ժամանակահատված: Հայաստանն ուժեղացրել է փոքր ներդրողների պաշպանությունը, դյուրացրել է հարկերի վճարումն ու պայմանագրերի կիրարկումը»,- ասաց նա:

Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավարի խոսքով` հիմա մեկ օրով ավելի պակաս ժամանակ է պահանջվում Հայաստանում բիզնեսը գրանցելու համար, նախորդ տարվա համեմատ: «Այս ցուցանիշով Հայաստանը ութերորդն է դառնում ամբողջ աշխարհում լավագույն կատարողական դրսևորած երկրների թվում»,-հավելեց նա:

Հայաստանը գործարարությամբ զբաղվելու դյուրինության վարկանիշով առաջ է անցել հարևան Թուրքիայից, որը զբաղեցնում է 43 հորիզոնականը, սակայն զիջում է մյուս հարևան Վրաստանին, որը 6-րդն է աղյուսակում:

Դիտվել է՝