«Գազի սակագնի հարցն էական կդառնա ձմռան ամիսներից առաջ»

e80288334778ed5d2dfb2c8bc37a4478

Օրերս ՀՀ կառավարության նիստի ժամանակ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը, խոսելով գազի և էլեկտրաէներգիայի սակագների հնարավոր իջեցման մասին, նշել էր, որ թե էլեկտրաէներգիայի, թե գազի սակագների վերանայման առումով մի շարք ռիսկեր կան: Էլեկտրաէներգիայի պարագայում այդ ռիսկը պայմանավորված է ատոմակայանի՝ այս տարվա ընթացքում նախադեպը չունեցող նորոգման և աշխատանքի երկարաձգման հետ: Իսկ ինչ վերաբերում է գազին, ապա Ռուսաստանի հետ մինչև տարեվերջ սահմանի վրա 150 դոլար գնով գազի ներմուծման պայմանավորվածություն կա, վերանայում կլինի տարեվերջին:

Արթուր Գրիգորյան

Արթուր Գրիգորյան

Եվ այդ ռիսկերն էլ հաշվի առնելով՝ որոշվել է սակագնային փոփոխություն կատարել միայն անապահով ընտանիքների համար: Հաշվարկվել է, որ հնարավորություն կա 10 դրամով իջեցնել էլեկտրաէներգիայի սակագինը՝ «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության շահույթի հաշվին: Նախարարը տեղեկացրել էր, որ նման պայմանավորվածություն է ձեռք բերվել «Տաշիր» ընկերության հետ: Գազի սակագնի հարցում սպառողները դեռ պետք է սպասեն: Որոշակի հարցեր հստակեցված կլինեն ռուսաստանյան կողմի հետ բանակցություններից հետո:

Գազի գնի նվազեցումը միանգամայն իրատեսական է համարում տնտեսագետ Վահագն Խաչատրյանը՝ անկախ այն հանգամանքից, թե ռուսաստանյան կողմի հետ բանակցություններն ինչպես կհանգուցալուծվեն: Ներկայիս սակագնի պարագայում անգամ մինչև 25 տոկոս նվազեցման հնարավորություն կա, համոզված է տնտեսագետը:

Մեր այն դիտարկմանը, թե «Գազպրոմը» կարող է ընդդիմանալ և վկայակոչել վնասներ կրելու հանգամանքը, Վ. Խաչատրյանն արձագանքեց, որ դա ընկերության խնդիրն է:

Վահագն Խաչատրյան

Վահագն Խաչատրյան

«Թող «Գազպրոմը» մտածի, որ անարդյունավետ կառավարման համակարգ ունի: Կառավարությունն էլ թող հարցադրում անի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին, թե ինչու է սակագինն այդքան: Երբ այդ ամենը ստանա, ամեն ինչ պարզ կերևա, որ մինչև հիմա ուղղակի թալան է եղել: «Գազպրոմի» ցանկություններն այնքանով են կարևոր, որ որպես տնտեսվարող՝ կառույցը պետք է տնտեսական գործունեության արդյունքում օգուտ ստանա, ոչ ոք դրան դեմ չէ, բայց ոչ թե գերշահույթներ ստանա, անվերահսկելի ծախսեր կատարի և ներկայացնի, թե Հայաստանը պետք է երջանիկ լինի, որ «Գազպրոմը» ներկայացված է Հայաստանում: Հայաստան պետության համար առաջնայինը քաղաքացու շահը պետք է լինի: Եվ հենց այդ սկզբունքից ելնելով էլ կարելի է գազի գինն իջեցնել: Միևնույն ժամանակ ես համամիտ եմ այն տեսակետի հետ, թե կառավարության առջև միանգամից այդ հարցադրումներով պահանջելը սխալ է: Առաջնահերթությունների խնդիր կա՝ որն է ավելի կարևոր: Ես կարծում եմ, որ այս փուլում, մինչև հոկտեմբեր գազի սակագնի հարցը էական չէ, էական կդառնա ձմռան ամիսներից առաջ: Այդ ժամանակ արդեն ամեն բան կհստակեցվի»,-հայտնել է Վահագն Խաչատրյանը:

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝