«Կոռուպցիայի ամենակարևոր մասը՝ գլուխը կտրված է». Վ. Խաչատրյան

Ваагн Хачатрян

ՀՀ կառավարությունն  իր գործունեության առանցքային կետերից  մեկն է հայտարարել մենաշնորհների  դեմ  պայքարը: Կառավարության  ծրագիրը ներկայացնելիս  վարչապետ Նիկոլ Փաշինյանը  հայտարարեց, որ  Հայաստանում  կոռուպցիայի  մակարդակը պետք է նվազի, իսկ արտոնյալների եւ մենաշնորհների թիվը լինի զրո: 

Չնայած  նոր  ձևավորված կառավարությունը  գործում է  2 ամսից էլ  պակաս ժամանակ, այնուամենայնիվ, ԳԱԼԱ-ն փորձել է տնտեսագետ Վահագն Խաչատրյանից ստանալ այն հարցի պատասխանը, թե  այս առումով  ինչ  տեղաշարժ ու միտումներ է տեսնում:

Տնտեսագետի պնդմամբ՝ մինչ այժմ Հայաստանում ոչ մի կառավարություն  մենաշնորհների դեմ պայքար ծավալելու կոնկրետ քայլերի չի  գնացել, եւ դեռ  վաղ է  դրական  տեղաշարժ  նկատելու համար: Առաջիկայում, ըստ նրա,  տնտեսական դաշտում վերադասավորումներ կլինեն, ամեն դեպքում  Վահագն Խաչատրյանն ընդհանուր  ֆոնը դրական է համարում:

 «Բոլորը հասկացան, որ  կառավարությունն իսկապես պատրաստ է և պայքարում է մենաշնորհների դեմ,  ամեն  ինչ անում է, որպեսզի տնտեսության մեջ, տարբեր բնագավառներում, առավել ևս՝ մենաշնորհային  բնագավառներում  նոր գործարարների ներկայությունն ապահովի:  Կարծում եմ՝ հաջողություն կունենա: Եթե քաղաքական մոտեցումները հստակեցված են՝ Հայաստանի տնտեսության զարգացումն առանց մենաշնորհի, ուրեմն՝ լուծումը կգտնվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Վահագն Խաչատրյանը:  Տնտեսագետի  կարծիքով՝ ժամանակ  կպահանջվի նաև, որ շուկայի  թելադրանքով նվազեն այն ապրանքատեսակների գները, որոնց  ներկրողները մենաշնորհային դիրք  ունեին: 

«Միանգամից  ակնկալել, որ գները կիջնեն, տեղին չէ և ճիշտ էլ չէ: Ընդհակառակը՝  երբ տնտեսությունը գնում է  ապամենաշնորհացման, սկզբնական շրջանում անգամ գնաճ է նկատվում, հետո ժամանակի  ընթացքում  գնանկում  է լինում, որովհետև իրական պատկերը դեռ  ոչ  մեկիս  համար  հայտնի չէ:  Գործունեության դաշտ  մտնող  նոր  գործարարներն էլ  ծանոթ չեն  վիճակին, երբ գործունեություն կծավալեն,   նրանց  այդ գործունեության արդյունքում  հնարավոր կլինի  գնահատական տալ  և տեղեկություններ ստանալ, թե  մենաշնորհային   դիրքի պարագայում  որքան էր գների արհեստական բարձրացումը;  Քաղաքական իրավիճակ է փոխվել, այն   մոտեցումները, որ ուներ նախկին կառավարությունը, էականորեն տարբերվում է գործող կառավարությունից: Կառավարությունը դա իր համար ուղղակի  քաղաքականություն  է ընդունել, մենաշնորհների դեմ պայքարը ոչ թե ձևական է, այլ իրական: Հատկապես շատ կարևոր է, որ դրա հետ կապում ենք նաև բիզնեսով ներկայացվածների  հետ կապված վերաբերմունքը, այսինքն՝  քաղաքականության և  բիզնեսի  տարանջատումը: Երբ այդ խնդիրը լուծվում է, մենաշնորհի հարցն էլ ինքընստինքյան  լուծվում է: Ոչ մի անգամ  նման  մոտեցում չի եղել: Եվ այս քաղաքական  որոշումները, որ կայացվել են գործող կառավարության կողմից, այն է՝ տնտեսության մեջ ստեղծել  հավասար պայմաններ, մրցակցային իրավիճակը  փոփոխել,  շատ ողջունելի են: Առավելագույնը 3 ամսից մենք կարող ենք արդյունքները տեսնել»,-    ասաց Վահագն Խաչատրյանը:                         

ՀՀ կառավարությունն իր քաղաքականության հիմնասյուն է հայտարարել նաեւ կոռուպցիայի դեմ պայքարը: Տնտեսագետ Վահագն Խարատրյանի կարծիքով՝ այս կառավարության  հայտարարությունը  կոնկրետ գործի է վերածվել:

«Ներկայիս կառավարությունն իսկապես  պայքարում է կոռուպցիայի դեմ,  այն դուրս է  կոռուպցիոն  սխեմայից: Ի վերջո, կոռուպցիայի համար  բարենպաստ պայմաններ կային, դրա մեջ ներգրավված էին  իշխանության  օղակները: Հիմա արդեն այդ օղակները չկան: Կոռուպցիայի  ամենակարևոր մասը՝ գլուխը կտրված է: Ներքին օղակներում  համոզված եմ՝ դեռ կա,  և  դեռ կլինի այնքան ժամանակ,  մինչև քաղաքացիներս, գործարարները և պատկան պաշտոնյաները կհամոզվեն, որ դա  որպես աշխատաոճ  ուղղակի  անընդունելի է:  Հուսով եմ և  ուղղակի  համոզված եմ,  որ նրանք  աշխատանքից կազատվեն կամ պատիժներ կկրեն, եթե շարունակեն նման ձևով  աշխատել, իսկ քաղաքացիներն ու գործարարները   կտեսնեն, որ գործող օրենքի շրջանակներում էլ իրենք կարողանում են ստանալ այն, ինչ իրենց պետք է: Բիզնեսում  տեղավորվելու խնդիր չկա, որովհետև  արդեն մրցակցային հավասար  պայմանների  ժամանակ  ամեն բան տեղի է ունենում օրենքի  շրջանակներում: Շատ կարճ ժամանակում  մենք կարող ենք արձանագրել, որ այլ հարաբերություններում ենք ապրում, և կոռուպցիան այլևս չունի այն դերը, որ նախկինում ունեցել է: Կոռուպցիայի դեմ պայքարի համաշխարհային  փորձն ասում է, որ  կոռուպցիան մի քանի  հանգամանքներից է կախված:  Առաջինը  քաղաքական  կամքի առկայությունն է, որը կա: Երկրորդը` այն, թե օրենսդրությունը որքանով է բարենպաստ պայմաններ ստեղծում  կոռուպցիայի   համար: Ես չեմ կարող ասել, որ Հայաստանի օրենսդրությունը 100 տոկոսով այդպիսին է, բայց օրենսդրական փոփոխությունների կարիք կա, և  երրորդը`  ավանդույթներ: Մեզ մոտ ցավոք սրտի, ավանդույթները բացասական   են,  մենք տարիներ շարունակ  սովորել ենք ապրել կոռուպցիայի պայմաններում»:

Տնտեսագետի համոզմամբ` այսօր  մենք՝ ՀՀ քաղաքացիներս  պետք է սկսենք մեզնից, հասկանանք, որ մեր մոտեցումները փոխելով  կարող ենք  որպես համակարգի մաս օգնել, որ կոռուպցիան  արմատախիլ արվի, եւ իրենց հերթին, օրենսդրական գործունեության մասնագետները պետք է  իրական  գնահատական տան, թե  որքանով է օրենսդրությունը բարենպաստ  կոռուպցիան արմատախիլ անելու հարցում:

«Այսօր այդպիսին չէ: Այնպես որ, տևական աշխատանք պետք  է արվի»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում  եզրափակեց  Վ.  Խաչատրյանը:                          

Անահիտ Ավագյան

Դիտվել է՝