Մալայզիան եւ Ինդոնեզիան Եվրոպային սպառնում են առեւտրային պատերազմով

GettyImages-78103028_Dimas Ardian_Stringer_623

«Եվրամիության խորհրդարանը ցանկանում է սահմանափակել արմավի յուղի մատակարարումը: Սակայն քայլը, որը պետք է պաշտպանի շրջակա միջավայրը, վրդովմունք է առաջացրել Մալայզիայում եւ Ինդոնեզիայում: Գյուղատնտեսներն անհանգստանում են իրենց գոյության համար»,- հայտնում է գերմանական Handelsblatt թերթը:

«Կուալա-Լումպուրում բողոքի ցույցի դուրս եկած գյուղացիների պաստառների վրա կարելի է կարդալ. «Մեր կյանքը կախված է արմավի յուղից» եւ «Շնորհիվ արմավի յուղի իմ ընտանիքը սնունդ ունի» կարգախոսները»,- հայտնում է թերթը:

«Արմավի յուղը, որը ստանում են արմավենու պտուղներից, Մալայզիայում համարվում է ամենապահանջված, սակայն միեւնույն ժամանակ վիճահարույց արտահանվող ապրանքը. քննադատներն այս հումքը, որը կա ոչ միայն շամպունի բաղադրության մեջ, այլ նաեւ սառեցրած պիցցաների, կապում են արեւադարձային անտառների մասշտաբային անտառահատումների հետ»:

«ԵՄ-ի խորհրդարանը որոշել է արգելել արմավի յուղը որպես կենսավառելիքի հիմք 2021թ.-ից: Մալայզիան եւ Ինդոնեզիան սպառնում են առեւտրային պատերազմով: Այսպես, Մալայզիայի տնկարկային տնտեսության նախարար Մախ Սիեու Քեոնգը եվրոպական խորհրդարանի կողմից ընդունած որոշման օրն անվանել է «սեւ օր ազատ առեւտրի համար» եւ նախազգուշացրել է պատասխան տնտեսական հարվածի մասին. «Մի մտածեք, որ մենք կշարունակենք ապրանքներ գնել Եվրոպայից»»:

«Ինդոնեզիայի նախագահ Ջոկո Վիդոդոն նույնպես խոսել է «անազնիվ միջոցների» մասին, քանի որ, նրա կարծիքով, գոյություն ունեն նաեւ այլ տեխնիկական մշակաբույսեր, որոնք համարվելով կենսավառելիքի հիմք՝ նույնպես հանգեցնում են անտառահատումների»:

«Այն, որ այս փաստն ունի որոշակի հիմք, ցույց են տալիս շրջակա միջավայրի պաշտպանության Mighty Earth կազմակերպության հետազոտությունները, համաձայն որոնց Արգենտինայում հատվել է 120 քառ. կմ անտառ՝ սոյայի աճեցման համար նոր տարածքներ բացելու համար»,- նշվում է հոդվածում:

«Ընդունված որոշումն առեւտրային լուրջ վնաս կպատճառի շուկայի համաշխարհային առաջատարներին՝ Մալայզիային եւ Ինդոնեզիային. ԵՄ-ն արմավի ներկրման շուկայում զբաղեցնում է երկրորդ տեղը»:

«ԵՄ-ի խորհրդարանի կողմից ընդունված որոշման քննադատները բարձրացնում են այն հարցը, թե ինչու պետք է Եվրոպայում շրջակա միջավայրի պաշտպանությունը պետք է տեղի ունենա վատ տնտեսություն ունեցող երկրների գյուղացիների հաշվին: «Ընտանիքներից խլում են եկամուտները, ինչն անհրաժեշտ է, որպեսզի երեխաները կարողանան գնալ դպրոց՝ ունենալով բոլոր այն անհրաժեշտ իրերը, որոնք ունեն Բեռլինի եւ Լոնդոնի երեխաները»,- իրավիճակը մեկնաբանել է փորձագետ Ռիչարդ Մանի Բանդան:

 

Աղբյուր՝ Handelsblatt

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝