ՌԴ բնակչությունը մինչեւ 2050թ.-ը կնվազի՝ հասնելով 130 մլն-ի, եւ դա ուղեկցվելու է աշխատուժի նվազմամբ

166f3d1ae22d139783d12717add34b0e

«Ժողովրդագրական փոսը զգալիորեն սահմանափակում է ռուսաստանյան տնտեսությունը եւ բիզնեսը»,- հայտնում է շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթը:

«Այսպես, Աշխատանքի միջազգային կազմակերպության (ILO) տվյալներով եւ Standard&Poor’s վարկանիշային գործակալության տվյալներով Ռուսաստանի բնակչությունը մինչեւ 2050թ.-ը կնվազի մինչեւ 130 մլն-ի: Առաջիկա տարիներին ռուսաստանցիների թվի նվազումն ուղեկցվելու է նաեւ աշխատուժի նվազմամբ»,-գրում է Բենիամին Թրիբեն:

«ՎՏԲ բանկի գնահատմամբ, հաջորդ ութ տարիների ընթացքում աշխատողների կորուստը կկազմի միչեւ 500 հազար մարդ, եւ դա կկրճատի ՀՆԱ-ն 0,5 տոկոսով: Խնդիրների պատճառները թաքնված են անհանգիստ 1990-ականներում: Խորհրդային Միության անկումից հետո Ռուսաստանը ժողովրդագրական աղետի ենթարկվեց. շատ ընտանիքներ քիչ երեխաներ էին ունենում, որովհետեւ պայքարում էին սեփական գոյատեւման համար: 1990-ից մինչեւ 2000թթ. ծնված ռուսաստանցիները համարվում են ամենաերիտասարդ եւ ամենասակավաթիվ սերունդն աշխատաշուկայում»,- նշում է հեղինակը:

«Աշխատաշուկայի կրճատմանը Ռուսաստանը կարող էր արձագանքել երեք միջոցներով: Եղած աշխատուժը պետք է աշխատի ավելի արդյունավետորեն կամ ավելի երկար, կամ էլ աշխատաշուկան պետք է ավելանա ներգաղթյալների հաշվին: Արդյունավետության բարձրացումն ամենաբարդ առաջադրանքն է, այն պահանջում է ներդրումներ ինչպես աշխատողների կրթության եւ որակավորման բարձրացման համար, այնպես էլ նորագույն սարքավորումների հարցում: Սակայն հիմա կրթության համար ծախսերը կազմում են բյուջեի 5 տոկոսը, իսկ արդիականացման հարցում լճացումն ակնհայտ է»,- գրում է լրագրողը:

«Ներդրումների ավելացման համար անհրաժեշտ են բյուջեում այլ առաջնահերթություններ ներառել եւ աջակցվող բիզնես բարեփոխումներ, սակայն Կրեմլին դա հաջողվում է նույնքան դժվար, որքան քաղաքացիների աշխատանքի տեւողության ավելացումը: Այն, որ Ռուսաստանում աշխատողները շատ շուտ են անցնում թոշակի, փորձագետների համար անվիճելի փաստ է: Ռուսաստանի կենսաթոշակային համակարգն արդեն սպառված է, սակայն Պուտինը վախենում է ժողովրդի զայրույթից, որը կարող է առաջանալ կենսաթոշակային տարիքի բարձրացման հետեւանքով»,-պնդում է հոդվածագիրը:

«Ներգաղթը նույնպես հեշտ որոշում չի համարվում: Տնտեսական ճգնաժամը, ռուսական հովանավորչությունը եւ ազգայնականությունը նպաստեցին աշխատանքային միգրանտների հոսքի կրճատմանը: Այսպես, 2017թ.-ի առաջին կիսամյակում ներգաղթն այլեւս չէր կարող հարթեցնել բնակչության բնական անկումը: Հին հարաբերությունների վերադարձը նույնպես դժվար թե օգնի. նախկին ԽՍՀՄ-ի երկրներից շատ ներգաղթյալներ ունեն ցածր որակավորում եւ անում են այնպիսի աշխատանք, որը չեն ցանկանում անել ռուսաստանցիները, օրինակ շինարարությունը: Մասնագետների կամ բարձրագույն կրթությամբ մարդկանց նպատակային ներգրավվածությունն, այդ թվում նաեւ այն երկրներից, որոնք հետխորհրդային տարածքից չեն, հազվադեպ երեւույթ է»,- ասվում է հոդվածում:

«Այդ ամենը փորձագետներին քիչ հույս է տալիս, որ Ռուսաստանը կկարողանա արագ լուծել իր ժողովրդագրական խնդիրը»,- եզրափակում է Թրիբեն:

Աղբյուր՝ Neue Zürcher Zeitung

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝