Ռուսաստանյան մասնավոր բանկերը խորտակվում են

361583

«Խոշոր մասնավոր բանկերը մեկը մյուսի հետեւից տանուլ են տալիս, ինչն էլ հանգեցնում է ներդրումների զանգվածային միգրացիայի դեպի պետական բանկեր: Ի՞նչ է սա, բանկային ոլորտի վերաազգայնացու՞մ»,- հարցնում է շվեյցարական Le Temps-ի թղթակից Էմմանուել Գրինշպանը:

«Ֆինանսական ցիկլոնը չի դադարում մոլեգնել: «Բինբանկը», որը երկրում 12-րդն է ակտիվների ծավալով եւ 7-րդն է անհատական ավանդների ծավալով, անցած շաբաթ անցել է ՌԴ Կենտրոնական բանկի ենթակայության տակ: Երկու շաբաթ առաջ երկրի առաջին մասնավոր «Օտկրիտիե»  բանկը 1 տրիլիոն ռուբլու ճեղքվածք է ունեցել եւ սնանկացել: Մեկնարկը տվել է երկրի 15-րդ բանկը՝ «Յուգրան»: Տասնյակ բանկեր յուրաքանչյուր եռամսյակ զրկվում են լիցենզիայից բանկային համակարգի կարգավորչի կողմից»,- ասվում է հոդվածում:

«Սերիական սնանկացումն անհանգստացրել է քաղաքական դասին: ՌԴ խորհրդարանի պատգամավորների մի խումբ պահանջել է, որպեսզի այդ բանկերի բաժնետերերը խիստ պատժի ենթարկվեն, քանի որ վերջին հաշվով տուժում է հարկատուն: Սակայն տնտեսության լճացումը եւ Ռուսաստանի դեմ միջազգային ֆինանսական պատժամիջոցները բարդացրել են իրավիճակն այդ ոլորտում, որի վրա առանց այն էլ ազդեցություն է գործում Կենտրոնական բանկը»: «Բանկային ծառայությունների եւ ապրանքների որակը երկրորդական պլան է մղվում՝ տեղը զիջելով անվտանգությանը»,- նշում է Կենտրոնական բանկի նախկին փոխնախագահ Օլեգ Վյուգինը:

«Նման միտումը կհանգեցնի բանկային սեկտորի նոր ազգայնացմանը: Եթե 2004թ.-ին ռուսաստանյան բանկերի կապիտալի մասնաբաժնում պետության ներկայությունը կազմում էր 30 տոկոս, ապա այսօր այդ ցուցանիշը հասել է 60 տոկոսի: Օլեգ Վյուգինը կանխատեսում է, որ մոտ ապագայում պետության մասնակցությունը բանկային սեկտորում կհասնի մինչեւ 80 տոկոսի՝ հինգ նոր հիմնական բանկերի միջոցով: Դա կվերացնի ցանկացած մրցակցություն: Արդյունքում մատչելի վարկեր ձեռք բերելու հնարավորությունը կսահմանափակվի եւ հասանելի կլինի միայն քաղաքականապես վստահելի ընկերություններին, այն դեպքում, երբ փոքր եւ միջին ձեռնարկությունները բառացիորեն շնչահեղձ կլինեն: Դժվար է պատկերացնել՝ ինչպես է նման ֆինանսական ոլորտը նպաստելու Ռուսաստանի լճացումից դուրս գալուն»,- եզրափակում  է Գրինշպանը:

Աղբյուր՝ Le Temps

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝