Ինչու՞ արդյունք չեն տալիս հակառուսաստանյան պատժամիջոցները

foto-b830

«Ուկրաինայում եւ Ղրիմում իրականացված գործողությունների պատճառով Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները ոչինչ չփոխեցին ոչ Մոսկվայում, ոչ գյուղական բնակավայրերում: Այդ բնակավայրերում ապրող մարդիկ երբեւէ օգուտ չեն ստացել նավթի բարձր գներից, եւ նրանց կյանքում ոչինչ չփոխվեց նաեւ պատժամիջոցներից հետո»,- գրում է Շելլի Քարաբելը Forbes հանդեսում:

«Հետխորհրդային ռուսաստանյան տնտեսությունում այդպես էլ հարստության վերաբաշխում տեղի չունեցավ. երբ կործանվեց կոմունիզմը, ղեկավար պաշտոններ զբաղեցնող անձինք վերցրեցին ինչ կարող էին, իսկ մյուսները ստացան այն, ինչ դրված էր իրենց առջեւ, եւ վաճառեցին առաջին պատահած շուկայում՝ այդ թվում զենք, զինամթերք, ուրան եւ այլն: Երբ Վլադիմիր Պուտինը 2000թ.-ին ստանձնեց իշխանության ղեկը, առանցքային ակտիվների մեծ մասը պատկանում էր կամ պետությանը, կամ անհատների փոքր խմբին, որն այդ ակտիվները ստացել էր պետությունից քաղաքական հնազանդության եւ հավատարմության դիմաց»,-գրում է հեղինակը:

Տնտեսագետ Անդրեյ Մովչանի խոսքերով, մինչ 2008թ.-ը ռուսաստանյան բյուջեի շուրջ 70%-ն ուղղակի կամ անուղղակի կերպով ձեւավորում էին ածխաջրածնի արտահանումից ստացված գումարները: «2013թ.-ին երկրի ՀՆԱ-ի 10%-ն էր կազմում անկախ մասնավոր սեկտորը եւ արտադրությունը, որը չէր առնչվում հանքային ռեսուրսներին: 2013-ին սղաճը կազմեց 6,5%, ՀՆԱ-ի աճը չէր գերազանցում 1,3%-ը: Դա այն ժամանակաշրջանն էր, երբ շատերն իրենց բիզնեսը վաճառում էին պետությանը, վերցնում փողերը եւ հեռանում արտերկիր: Դա նշանակում է, որ պետությունը վերահսկում էր կոմերցիոն ձեռնարկությունների ավելի քան 70%-ը, ավելին, քան պետության վերջին կոմունիստ ղեկավար Միխայիլ Գորբաչովի օրոք էր, երբ այդ ցուցանիշը կազմում էր 60%: Այսօր, միգուցե, ՀՆԱ-ի 25%-ն է բաժին ընկնում մասնավոր սեկտորին»,-նշում է Մովչանը:

«Պետության ներկայացրած տնտեսական վիճակագրությունն արժանահավատ չէ, քանի որ տեղեկատվության ավելի քան 30%-ը գաղտնի է պահվում: Շատերը ենթադրում են, որ դա վերաբերում է ռազմա-արդյունաբերական համալիրի եւ հատուկ ծառայությունների ֆինանսավորմանը, սակայն կան ուղղակի վկայություններ, որ այդ միջոցներն օգտագործվում են նաեւ այլ կարիքների համար: Դա կարող է լինել արտասահմանում «Ռուսաստանի բարեկամների» ֆինանսավորում, պետության կողմից վերահսկվող ընկերությունների բյուջեի ճեղքերի «կարկատաններ» եւ բարձրաստիճան պաշտոնյաների անձնական գնումների համար վճարումներ»,-պնդում է ռուսաստանցի տնտեսագետը: «Թերեւս, անթափանցիկությունը Ռուսաստանի ազգային առանձնահատկությունն է, այլ ոչ թե խորհրդային դարաշրջանին բնորոշ  երեւույթ»,-մեկնաբանում է հոդվածագիրը:

Աղբյուր՝ Forbes

Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝