«Շուկայում առկա գնից ցածր գնով կարող ենք մտնել շուկա». «Հայազնի» երիտասարդները շաքարավազ կներկրեն

Diana-nkar-Armen-Mkrtchyan

«Հայազն» կուսակցության մի քանի անդամներ որոշել են շաքարավազ ներկրել Հայաստան: Արդեն իսկ նախապատրաստական աշխատանքների իրականացման փուլում են և հույս ունեն, որ իրենց կհաջողվի կոտրել կարծրատիպը, որ շաքարավազի շուկան ՀՀ-ում մենաշնորհային է: Կուսակցության վարչության անդամներից Արմեն Մկրտչյանն ասաց, որ նման մտադրություն վաղուց են ունեցել մի քանի ընկերներով, հիմա որոշել են իրականացնել.

«Միտքը վաղուց կար որևէ «արգելված» ապրանքի ներմուծման, բայց կոնկրետ ապրանքի մասով հստակություն չկար: Քննարկում էինք թե ձեթի, թե տախտակի, թե շաքարավազի, թե ալյուրի տարբերակները, բայց ամենապրակտիկը շաքարավազն է. նախ՝ եթե ալյուրը կանգնեցնեն, հնարավոր է խոնավություն քաշի ու փչանա, տախտակը կարող են ստանդարտներ բերել իբրև փայտի միջի խտությունը չի համապատասխանում և այլն, մի խոսքով, մենք ուսումնասիրել ենք բոլոր ձախողված ներմուծումների պրակտիկան»:

Առայժմ որոշել են շաքարավազը ներկրել Ռուսաստանի Դաշնությունից և խոստանում են մեծացնել աշխարհագրությունը սպառման ծավալների մեծացման դեպքում:

Մեր այն հարցին, թե ուսումնասիրե՞լ են արդյոք վաճառքի շուկան, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Վաճառքի շուկան ուսումնասիրել ենք, բայց, ցավոք, այն ևս վերահսկելի է: Օլիգարխները հեշտ ու հանգիստ կարող են խանութի տիրոջը սպառնալ, եթե մեզնից շաքարավազ վերցնի, իրեն այլ ապրանք չեն տա և այլն: Բայց մեզ օրինակներ են պետք, եթե մարդիկ տեսնեն՝ մեկի մոտ ստացվում է, մեծ ալիք կբարձրանա»:

Մեր այն հարցին, թե հաշվարկե՞լ են՝ ինչ կարժենա իրենց ներկրած շաքարավազը. շուկայականում առկա գնին համարժե՞ք կլինի, թե՞ ավելի ցածր, Արմեն Մկրտչյանը պատասխանեց. «Նախնական հաշվարկներով, չօգտվելով, բնականաբար, ոչ մի հարկային արտոնությունից, չունենալով սեփական ֆուռեր, սեփական խանութներ, շուկայում առկա գնից էժան գնով կարող ենք մտնել շուկա: Ու էդտեղ միֆեր են սկսվում պայթել. ինչպե՞ս կարելի է առաջին անհրաժեշտության ապրանքների վաճառքից գերշահույթ ստանալ»:

Մտավախություններ, որ կսկսեն խանգարել, խոչընդոտել, մեր զրուցակիցն ասում է, որ իհարկե ունեն: Նույնիսկ սպասում են, որ շաքարավազի գները կտրուկ կարող են ընկնել Հայաստանում:

«Մարդիկ երեք մտահոգություն են մեզ հայտնում՝ իմանալով նախաձեռնության մասին՝ մաքսային, հարկային քաշքշոցներ, փողոցային ռազբորկաներ և մրցակից ֆիրմայի կողմից գների կտրուկ իջեցում: Պետական ապարատի արգելքների դեպքում առնվազն կֆիքսվի, որ վարչապետի՝ ամիսներ շարունակ «մոնոպոլիա չկա»-ն սուտ է: Իսկ եթե մեր մեկ-երկու ֆուռի շնորհիվ գներ իջեցնեն մեզ սնանկացնելու համար, միայն ուրախ կլինենք, որ թեկուզ ի վնաս մեզ ժողովրդի հոգսը թեթևացավ»:

Օրեր առաջ մամուլում նաև տեղեկություններ տարածվեցին, թե հավի տոտիկների ու ալյուրի նոր ներկրող է հայտնվել: Ըստ հրապարակումների՝ նա աշխարհի չեմպիոն Արթուր Ալեքսանյանն էր: Ավելի ուշ հրապարակեցին նաև, որ նրան արգելել են ներկրմամբ զբաղվել: Անգամ տեղեկություններ կային, որ միջնորդներ են եղել, ովքեր հանդիպել են նրա հետ՝ խնդրելով դադարեցնել ներկրման նախապատրաստական աշխատանքները:

Արմեն Մկրտչյանին հարցրեցինք, թե նման հանդիպումներ եղե՞լ են արդյոք իրենց ներկրող թիմի հետ, վերջինս պատասխանեց, որ ոչ:

«Դեռ որևէ հանդիպման առաջարկ չկա, բայց լինելու դեպքում էլ հանդիպում կարող է լինել միայն հրապարակային, բաց ու բոլորին տեսանելի»:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝