Կարեն Կարապետյանը՝ Տիգրան Սարգսյանի ճանապարհով. «կով կթելու» կամ «փողոց մաքրելու» «արվեստը»

новый коллаж

ԳԱԼԱ-ի հարցազրույցը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարոն Առաքելյան, Կարեն Կարապետյանը նշանակվելուց գրեթե անմիջապես հետո հայտարարեց, որ Հայաստանի տնտեսությունը գտնվում է շատ ծանր վիճակում: Նա ներկայացնում էր որոշակի առաջնահերթ խնդիրների փաթեթ՝ պայքար կոռուպցիայի, մենաշնորհի դեմ, հնարավորություններ բիզնեսին և այլն: Կարեն Կարապետյանն իր աշխատանքի 7 ամիսների ընթացքում ի՞նչ փոխեց:

-Ինչպես բազմիցս նշել եմ, նոր կառավարության գործունեությունը բովանդակությամբ չի տարբերվում նախորդներից։ Ընդամենն ականատես ենք լինում նոր ոճի հայտարարություններին, որոնք այս ամիսների ընթացքում արդեն կրկնվում են և կորցնում են իրենց հետաքրքրությունն՝ ավելացնելով անվստահության մթնոլորտը։

Արդյունքում քաղաքացու կյանքում այս 7 ամիսների ընթացքում մեծ հաշվով բան չի փոխվել։ Մարդիկ շարունակում են վատ ապրել՝ բռնելով արտագաղթի ուղին։

- Կարեն Կարապետյանի ֆեյսբուքյան էջը հայտարարում էր, որ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներով ՀՀ տնտեսությունն աճ է արձանագրում: Նրա համար գոհացնող էր հատկապես 2017 թվականի առաջին եռամսյակի արդյունաբերական արտադրանքի ծավալների աճը՝ 116,1%:
Ինչի՞ արդյունքում է այս աճն արձանագրվել, և արդյոք ՏԱՑ աճը կպահպանվի, ըստ Ձեզ, մինչև տարեվերջ:

Մեսրոպ Առաքելյան

Մեսրոպ Առաքելյան

-Գրեթե նման ծավալի աճ ունեցել ենք նաև 2016թ. առաջին եռամսյակում, դրա նախորդ տարիներին՝ նաև ավելին։ Ընդ որում, 1-ին եռամսյակի ծավալները փոքր են մյուս եռամսյակների համեմատ, և սա համարել հիմք տնտեսության զգալի աճի համար չի կարելի։ Հաշվի առնելով նախորդ տարվա 0-ական աճը՝ այս տարի, բնական է, նախորդ տարվա համեմատ որոշակի աճ կունենանք։

- Արժույթի միջազգային հիմնադրամը կանխատեսում է Հայաստանի համար 2.9 տոկոս տնտեսական աճ: Այս աճը ԱՄՀ կանխատեսմամբ վերաբերում է 2017 և 2018 թվականներին:

ԱՄՀ զեկույցի համաձայն՝ անցած 2016 թվականը Հայաստանը փակել է 0.2 տոկոս աճով։ Արդյոք իրատեսական է այս կանխատեսվող աճը:

-2-3% տնտեսական աճը և դրա կանխատեսումը միշտ էլ սովորական են եղել Հայաստանի համար, որը որակական որևէ փոփոխությունների չի բերում։ Նման կանխատեսումն է փաստում, որ նոր կառավարությունից լուրջ փոփոխություններ չեն սպասում նաև միջազգային կառույցները։

-Պարոն Առաքելյան, ընտրություններից հետո վարչապետի հռետորաբանությունը փոխվել է: Մինչ այդ նա անդադար խոսում էր երկիրը զարգացնելու մասին, խոստանում էր ներդրումներ բերել Հայաստան, անգամ բեռնատարների գործարան հիմնել, հիմա խոսում է «մաքուր Հայաստանի» ծրագրից՝ կարևորելով երկրի մաքրությունը զբոսաշրջության զարգացման գործում: Ինչո՞ւ:

– Ինչպես նախորդ կառավարությունները, նոր կառավարությունն էլ սկսեց կոռուպցիայի դեմ պայքարի, ներդրումների և նման հեղափոխական քայլերի մասին խոսելուց։ Բնական է, որ այս իշխանության օրոք այս ոլորտներում հաջողություններ չեն արձանագրվի, և անցում է կատարվում ավելի փոքր, կենցաղային քայլերի իրականացման։ Ինչպես նախորդ կառավարություններից մեկը կհիշվի ամրագոտիներ կապելու պատմական առաքելություն կատարելով, այս մեկն էլ հայտնի կլինի Սևանի քարուքանդ և խավարապատ ճանապարհներին պարող ցելոֆանների դեմ կատաղի պայքարով։

-Պարոն Առաքելյան, Դուք խոսեցիք ամրագոտիներից, ես հիշեցի նաև կով կթելու «արվեստի» մասին: Կարծես թե Կարեն Կարապետյանը կրկնում է Տիգրան Սարգսյանին:

-Աշխատաոճում նմանությունն ակնհայտ է, երբ կոսմետիկ փոփոխությունների միջոցով փորձ է արվում տնտեսությունը զարգացնել։ Թեև այս նոր կառավարությունն ավելի կրեատիվ է իր մտքերով, օրինակ, ներդրումային ծրագրում ունեն 750 մլն դոլարանոց հիվանդանոցի կամ էլ 100 մլն դոլարանոց մոլի կառուցման ծրագիր։

- Արդյոք այդ ծրագրում է տեղավորվում նաև հարկային այն քաղաքականությունը, որը վարում են տոնավաճառների աշխատակիցների նկատմամբ: Իմիջիայլոց, այդ աշխատակիցները բողոքի ցույց էին կազմակերպել:

-Հարկային կոշտ վարչարարությունը կառավարությունը կիրառում է միայն փոքր բիզնեսի վրա, քանի որ ուժը մեծերի վրա չի պատում։ Ակնհայտ է, որ այդ սեգմենտին պետք է ազատել հարկերից, որոնց մուծած հարկերը բյուջեի 2%-ից քիչ են կազմում, և ովքեր բացառապես սոցիալական խնդիր են լուծում և ոչ թե բիզնես գործունեությունից շահույթներ են ստանում։

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝