Ծխախոտը, շաքարավազը, մսամթերքը թանկացել են

xanut3

Պարենային շուկայում նկատվում է նոր գնաճ: Որոշ ապրանքատեսակներ սկսել են թանկանալ: Այսպես ասած, «թանկացումների ալիքը» սկսվել է 10 օր առաջ եւ դեռ շարունակվում է: Այսօր արդեն որոշ խանութներում սուրճի եւ շաքարավազի գինն է բարձրացել:

Գյումրիում շաքարավազը մինչեւ երեկ վաճառվում էր մեկ կիլոգրամը 410-420 դրամով, այսօրվանից 430-440 դրամ է: Խանութներում այս բարձրացումը պայմանավորում են դոլարի փոխարժեքի բարձրացմամբ: Վստահեցնում են, որ շաքարավազի գինը «ամենադինամիկն է», պարբերաբար տատանվում է՝ բարձրանում եւ իջնում է՝ կապված դոլարի փոխարժեքի տատանմամբ:

Ծխախոտը թանկացել է միջինը 20 դրամով

Նկատվել է ծխախոտի գնի բարձրացում: «Կարոնա» եւ «Կրպակ» հանրախանութներից ԳԱԼԱ-ին փոխանցեցին, որ ծխախոտը թանկացել է միջինը 20-40 դրամով:

Տեղական ծխախոտի գինը բարձրացել է 7-8 օր առաջ: Տեղական ծխախոտը 5-6 տոկոսով է թանկացել, այսօր արդեն արտասահմանյան որոշ տեսակների գներն է բարձրացել միջինը 8-9 տոկոսով: Թե ինչի հետ է կապված ծխախոտի գնի բարձրացումը, հանրախանութների գրասենյակներից փոխանցեցին, որ պատճառները հայտնի չեն, պարզապես իրենց թանկ են հանձնել՝ նոր գներով:

Մսամթերքը թանկացել է 80-120 դրամով

«Աթենք» եւ «Բեկոն» ընկերությունների որոշ ապրանքատեսակների գներն են աճել: Գնաճը կազմում է 4 տոկոս: Մեկ կգ երշիկի դեպքում դա կազմում է մոտավորապես 100 դրամ:

Այս թանկացումը վերաբերում է երշիկների ու նրբերշիկների որոշ տեսականու:

Խմիչքի որոշ տեսակների գներն աճել են

«Կարոնա» սուպերմարկետից փոխանցում են, որ «Պռոշյանի» որոշ կոնյակների ու գինիների գներն են բարձրացել: Գնաճը կազմում է 20-50 դրամ: Դարձյալ հայտնի չեն գնի բարձրացման պատճառները:

Ալյուրը, բուսայուղը, շոկոլադը չեն թանկացել: Միայն «Մարս» ապրանքանիշի շոկոլադե սալիկների գինն է անցած մեկ շաբաթվա ընթացքում բարձրացել 10 դրամով:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝