Միջին աշխատավարձը ՀՀ-ում, հետխորհրդային եւ եվրոպական այլ երկրներում

tsentrobank-rf-rezko-364-4538147

Աշխատավարձը ցանկացած պետությունում կյանքի որակի, կենսամակարդակի ցուցանիշներից է: Որոշ երկրներ խորը ճգնաժամի մեջ են, մյուսները, շնորհիվ հզոր տնտեսության, ընդհակառակը, շարունակում են ավելի արագ զարգանալ: Ձեզ ենք ներկայացնում հետխորհրդային եւ եվրոպական որոշ երկրներում ամսական միջին աշխատավարձի չափերի համեմատականը 2017թ.-ի հունվարի դրությամբ: Հարկ է նշել, որ ստորեւ մեջբերված թվային տվյալները պաշտոնական են:

Հետխորհրդային տարածքի շատ երկրներում տեղի է ունեցել ազգային արժույթի արժեզրկում: Դոլարին համարժեք աշխատավարձը որոշ երկրներում կտրուկ նվազել է: Դիտարկված երկրների մեջ աշխատավարձերի վարկանիշային աղյուսակում Ռուսաստանն առաջին տեղում է 609$ ամսական միջին աշխատավարձով, Ղազախստանը վստահորեն զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը (600$), Բելառուսը, որտեղ ամսական միջին աշխատավարձը կազմում է 370$, մոտեցել է երրորդ տեղին, որտեղ այժմ Հայաստանն է (388$): Ադրբեջանում կտրուկ նվազած աշխատավարձն այժմ կազմում է 288$: Շատ դանդաղ կերպով վերականգնվում է աշխատավարձի մակարդակն Ուկրաինայում՝ 221$:

ԱՊՀ երկրների շարքում առաջատարը Ռուսաստանն է, որն ունի նավթի, գազի հսկայական պաշարներ, երկրորդ տեղում բնական այդ պաշարներով հարուստ Ղազախստանն է: Երրորդ հորիզոնականը նախկինում զբաղեցնում էր Ադրբեջանը, սակայն նավթի եւ գազի գների անկման, նավթադոլարային ներհոսքի կրճատման պատճառով, ինչի հետ կապված է արժույթի արժեզրկումը, այդ երկրում միջին ամսական աշխատավարձը դոլարային համարժեքով կտրուկ նվազել է: Մանաթի արժեզրկումից հետո հիմա այնտեղ ամենացածր աշխատավարձն է Հարավային Կովկասում:

Բելառուսական ռուբլու բազմաթիվ արժեզրկումների հետեւանքով այդ երկրում կտրուկ նվազել են աշխատավարձերը դոլարային համարժեքով: Ռուսաստանից տնտեսական ու քաղաքական կախվածություն ունեցող Բելառուսի իշխանությունները կրկին փորձում են բարձրացնել միջին ամսական աշխատավարձը մինչեւ 500$, սակայն շատ փորձագետներ վստահ են, որ մինչեւ 2017թ.-ի ավարտը դա հնարավոր չի լինի անել:

1111

Ուկրաինայում նվազել է արտարժույթի հոսքը, բանկային համակարգը ճգնաժամի մեջ է: Հենց այդ պատճառներով էլ այնտեղ աշխատավարձի ցուցանիշն ավելի մեծ անկում է արձանագրել, քան այլ երկրներում: Այնուամենայնիվ, 2017թ.-ի հունվարին նվազագույն ամսական աշխատավարձը բարձրացել է երկու անգամ:

Վրաստանը 430$ աշխատավարձով զբաղեցնում է առաջին տեղը Հարավային Կովկասի երկրների շարքում:

Շատ եվրոպական երկրներում նվազագույն աշխատավարձը համարժեք է հետխորհրդային երկրների միջին աշխատավարձին, երբեմն նույնիսկ գերազանցում է: Իսկ ամենաաղքատ եվրոպական երկրները գտնվում են գրեթե նույն մակարդակի վրա Ռուսաստանի հետ:

Գերմանիայում միջին աշխատավարձը կազմում է  ամսական 3075$: Իտալիան 2514$ ցուցանիշով զգալիորեն ետ է մնում իր մրցակցից: Իտալիայում աշխատավարձերի մեջ էական տարբերություն է նկատվում, կախված զբաղեցրած պաշտոնից եւ պայմանագրի տեսակից. այսպես, օրինակ, գլխավոր տնօրենի աշխատավարձը 11,2 անգամ բարձր է միջին վիճակագրական աշխատավարձից: Իտալիան առաջ է անցել իր հարեւանից՝ Իսպանիայից, որի տնտեսությունը տուժում է գործազրկության բարձր մակարդակի, կրթական թույլ համակարգի եւ ստվերային տնտեսության պատճառով: Շատերն այս երկրում աշխատում են ոչ պաշտոնապես, միեւնույն ժամանակ ստանում են գործազրկության նպաստ: Իսպանացիներին փրկում են ցածր գները:

Համաձայն Լեհաստանի վիճակագրական վարչության՝ 2017թ.-ի հունվարին ամսական միջին աշխատավարձն այդ երկրում կազմում է 1103 $: 2016թ.-ի ընթացքում այդ երկրում ամսական միջին աշխատավարձը բարձրացել է 4 տոկոսով: Բուլղարիայում, որը ԵՄ ամենաաղքատ երկրներից մեկն է, ամսական միջին աշխատավարձը 535$ է: Դա 5,5 անգամ քիչ է ԵՄ-ի միջին աշխատավարձից, որի չափը կազմում է 2942$:

Էդուարդ Մխիթարյան, Անի Բարսեղյան

Դիտվել է՝