Շաքարավազի «աննորմալ» գինը ՀՀ-ում եւ գնային պատկերն այլ երկրներում

новый коллаж

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալներով  շաքարավազի հանրապետական միջին գինը 2017թ. հունվարին 2016թ. հունվարի համեմատ աճել է 15 %-ով, իսկ 2016թ. դեկտեմբերի համեմատ՝ 0.6%-ով: Հանրապետության դիտարկված 6 քաղաքներում 2017թ. հունվարին 2016թ. դեկտեմբերի համեմատ արձանագրվել է շաքարավազի 0.2-0.9% գնաճ:

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի կողմից հրապարակված տվյալների համաձայն 2016թ.-ի ընթացքում Հայաստան է ներմուծվել 21.49 մլն դոլար մաքսային արժեքով 59.477 տոննա շաքար։ Ներմուծման ծավալներն աճել են 82.3%-ով:

Այն դեպքում, երբ ներկրման ծավալներն ավելացել են, իսկ շաքարավազի միջազգային գներն էական փոփոխություններ չեն կրել, այդ ապրանքատեսականին ՀՀ-ում գնաճ է արձանագրում: Հայաստանի հանրապետության վաճառակետերում շաքարավազի 1 կգ-ն այժմ վաճառվում է 410-420 դրամով: 2017թ.-ի հունվարի համեմատ փետրվարին շաքարավազը թանկացել է 10-15 դրամով:

Այդ ապրանքատեսականու ներկրման եւ արտադրման գործում մենաշնորհային դիրք զբաղեցնող գործարար Սամվել Ալեքսանյանը հայտնել է, որ իրեն պատկանող Ախուրյանի շաքարի գործարանը տարեկան 70-90 հազար տոննա շաքարավազ է արտադրում: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ Հայաստան ոչ թե պատրաստի շաքարավազ է ներկրում, այլ հումք: Իսկ ԵՏՄ-ին Հայաստանի անդամակցության պայմանագրի նախագծի 3-րդ հավելվածի 42 կետում սահմանված է, որ 2015-2025 թվականների ընթացքում վերամշակման համար շաքարի հումքի ներմուծումը Հայաստանի հանրապետություն ազատվում է մաքսատուրքերից:

Շաքարի հումքի միջազգային գներից պատկերացում կազմելու համար ներկայացնենք 1-2 օրինակ: Բրազիլական շաքարի բարձրորակ հումքը ռուսաստանյան միջնորդներից կարելի է ձեռք բերել 1 կգ-ը 116 դրամով: Օրինակ՝ Սանկտ Պետերբուրգում գործող «Հոլդինգ Մեգա-Օպտ» ԲԲԸ-ն առաջարկ է ներկայացնում՝ 1 տոննան 240 ԱՄՆ դոլարով՝ 1 կգ-ը 116 դրամով: Ավելի ցածրորակ թաիլանդական կամ պակիստանյան շաքարեղեգի հումքն առաջարկվում է 1 տոննան 100 ԱՄՆ դոլարով, կամ 1 կգ-ը մոտ 49 դրամով: Ի դեպ, մեծածախ գնումների դեպքում առաքման ծախսերը ներառված են նշված գնի մեջ:

Հարկ է նշել, որ բարձր որակի հումքը շաքարի 97–98 % արտադրողականություն ունի:

grafik

Այժ փորձենք հասկանալ, թե ինչ արժե շաքարավազն այլ՝ հիմնականում արտադրող երկրներում, եւ համեմատելով փորձենք հասկանալ գնային տարբերությունը:

ՌԴ Սարատովի մարզից մատակարար ընկերությունն առաջարկում է շաքարավազ՝ 1 կգ-ը 29 ՌԴ ռուբլով՝ 241 դրամով: Կրասնոդարի երկրամասում առաջարկում են ճակնդեղի բարձրակարգ շաքարի 1 կգ-ը 28 ՌԴ ռուբլով՝ 232 դրամով: ՌԴ Չելյաբինսկի մարզում գինը նույնն է՝ 1 կգ-ը 28 ՌԴ ռուբլի՝ 232 դրամով:

Բելառուսական ընկերություններից մեկն առաջարկում է տեղի արտադրության շաքարավազ՝ 1 կգ-ը 0.9 բել. ռուբլով՝ 226 դրամով: Ուկրաինական «Ագրոմետ» ԲԲԸ-ի կողմից  կա առաջարկ 1 կգ-ը 13 գրիվնայով՝ 233 դրամով:

Ի դեպ, աշխարհի շաքար արտադրող խոշորագույն երկիրը Բրազիլիան է (24 %): Երկրորդ տեղում Հնդկաստանն է, որին բաժին է հասնում ամբողջ աշխարհում արտադրված շաքարի 17 %-ը: Եվրոպայում շաքարի ամենախոշոր արտադրողները Ֆրանսիան եւ Գերմանիան են: Շաքարի համաշխարհային արտադրությունում Ռուսաստանի մասնաբաժինը կազմում է շուրջ 2,0 %: Արտադրող երկրների վարկանիշային ցուցակում Ռուսաստանը զբաղեցնում է 8-րդ հորիզոնականը: Այդ երկիրը շաքարավազ է ներկրում Բրազիլիայից եւ Բելառուսից:

Հետգրություն.

Շաքարի ավելցուկն առաջացնում է ոչ ցանկալի կողմնակի բարդություններ մարդկային օրգանիզմում: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը վերանայել է չափահաս մարդու համար շաքարի օգտագործման անհրաժեշտ չափաքանակի մասին խորհուրդները:

Նոր կանոնները թույլ կտան պահպանել առողջությունը` նվազեցնելով շաքարախտի, կարիեսի և ճարպակալման վտանգը: Այսպես, շաքարի  օրական չափաբաժինը 6 թեյի գդալն  է:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝