Գազի սակագները նախկին ԽՍՀՄ երկրներում. ինչքան ենք վճարում մենք, ինչքան՝ բելառուսները, թուրքմենները…

flare_picture

2017թ.-ի հունվարի 1-ից ՀՀ-ում բնական գազի նոր սակագներ սահմանվեցին: Գազի սակագինը բնակչության համար 146.7 դրամից դարձավ 139 դրամ, սոցիալապես անապահովների համար՝ 100 դրամ:

Այժմ դիտարկենք, թե հետխորհրդային տարածքի մի քանի երկրներում ինչ սակագներ են գործում:

Քանի որ Եվրոպայի եւ նախկին ԽՍՀՄ երկրների, բացի Թուրքմենստանից, շարքում ցածր սակագնային առաջարկի առումով առաջատարը Ղազախստանն է, նախ ներկայացնենք այդ երկրում գործող սակագները:

Ղազախստան

Վերջին թանկացումներից հետո Ղազախստանում 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է միջինը 15,35 տենգե՝ մոտ 22 դրամ: Այդ երկրի տարածաշրջաններում գործում են տարբեր սակագներ. օրինակ՝ Շիմքենդում 1 խորանարդ մետր գազն արժե 29,29 տենգե, իսկ Ակտոբեում՝ 6,71 տենգե՝ գրեթե 10 դրամ:  Ղազախական 10 տենգեն համարժեք է 14,65 դրամին:

Բելառուս

2017թ.-ի հունվարի 1-ից Բելառուսում 1 խորանարդ մետր գազի սակագինը սահմանվել է 0,0908 ռուբլի՝ 22,80 դրամ ձմեռային շրջանի համար եւ 0,2842 ռուբլի՝ 71,33 դրամ ամառային շրջանի համար: 1 բելառուսական ռուբլին 251 դրամ է: Այսինքն, 100 խորանարդ մետր գազ սպառելու դեպքում Բելառուսի բնակիչը վճարելու է 9,08 բելառուսական ռուբլի՝ 2,279,08 դրամ, ամռանը՝ մոտ 3 անգամ ավելի:

Ռուսաստան

1 խորանարդ մետր գազի սակագինը Ռուսաստանի Դաշնությունում տարբեր է՝ ըստ տարածաշրջանների եւ սպառման ծավալների: Միջին գինը 5 ռուբլի է՝ 40,5 դրամ: Մոսկվայում բնակվող սպառողը 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարում է 4,421 ռուբլի, Սանկտ Պետերբուրգում՝ 5,748 ռուբլի, Օմսկի շրջանում՝ 4,66, Սարատովի շրջանում՝ 4,85, Թաթարստանում՝ 5,27, Ստավրոպոլի երկրամասում՝ 5,36 ռուբլի եւ այլն:

aaaa

Ուզբեկստան

Ուզբեկստանում եւս էներգակիրների որոշակի գնաճ է նկատվել: 2016թ.-ի հոկտեմբերի 1-ից այդ երկրում սպառողները 1 խորանարդ մետր գազի դիմաց վճարում են 246 սում՝ շուրջ 37 դրամ: 10 սումը  համարժեք է 1,50 դրամին:

Ղրղզստան

Ղրղզստանում բնական գազի սակագինը բավականին բարձր է միջինասիական մյուս երկրների համեմատ: Այս երկրի բնակչությունը 1 խորանարդ մետր գազ սպառելու դեպքում վճարում է 14,43 սոմ՝ 100 դրամ:

Թուրքմենստան

1000 խորանարդ մետր բնական գազի դիմաց Թուրքմենստանի բնակիչները վճարում են 20 մանաթ՝ 2.770 դրամ (1 խորանարդը՝ 2,77 դրամ): Նախկինում 1000 խորանարդ մետր գազի դիմաց հանրապետությունում վճարում էին ընդամենը 2 մանաթ (1 ԱՄՆ դոլարից քիչ): 1 թուրքմենական մանաթը 138,72 դրամ է:

Հիշեցնենք, որ Թուրքմենստանում  գործում է ցանկացած տիպի էնեգառեսուրսի անվճար սահմանաչափերի համակարգը: Պետությունն իր քաղաքացիներին հնարավորություն է տվել  ամսական անվճար ստանալ 120 լիտր բենզին, 50 խորանարդ մետր բնական գազ եւ 35 կՎտժ էլեկտրաէներգիա:

Ադրբեջան

Ադրբեջանում 1 խորանարդ բնական գազի սակագին է սահմանված 0,1 մանաթը՝ 25,4 դրամ: 1 ադրբեջանական մանաթը 254 դրամ է:

Ուկրաինա

Ուկրաինայում եւս թանկացումներ են արձանագրվել, թեեւ մինչ այդ էլ, վերոհիշյալ երկրներում առկա սակագների համեմատ, այստեղ գործում են «կապույտ վառելիքի» ամենաբարձր սակագները:  2017թ.-ի փետրվարի 1-ից 1 խորանարդ մետր գազի գինը կազմել է 9-10 գրիվնա՝ շուրջ 170 դրամ: Ներկայումս 1 գրիվնան համարժեք է 17,90 դրամին:

 Ի դեպ

Բնակչության համար բնական գազի ամենաբարձր սակագին է սահմանված Շվեդիայում՝ 1 խորանարդ մետրը՝ շուրջ 720 դրամ:  Սակայն այդ երկրի կառավարությունը որոշում է կայացրել ամբողջովին անցնել էներգիայի վերականգնվող աղբյուրների կիրառմանը՝ հրաժարվելով նավթից, գազից եւ կրճատելով օգտագործվող ատոմային էներգիայի ծավալները:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝