Ձմեռային հանգստի առաջարկների տարբերությունը Հայաստանում եւ Վրաստանում

IMG_0228

Ձմռան ավարտին մոտ մեկ ամիս ժամանակ կա: Իսկ սա նշանակում է, որ դեռ ուշ չէ ձմեռային արձակուրդ վերցնելու համար: Սակայն հարց է ծագում՝ ուր գնալ, ինչպես կազմակերպել ընտանեկան ակտիվ հանգիստը, որ և ավելի որակով լինի, և ավելի լավ ծառայություններով, և միևնույն ժամանակ լինի մատչելի և հասու՝ միջին վիճակագրական ընտանիքի համար:

Ձմեռային հանգստի համար Հայաստանում ամենահարմար վայրը թերևս Ծաղկաձորն է:

Ո՞ւր մնալ Ծաղկաձորում, առնվազն հինգ օր չորս հոգանոց ընտանիքի համար:

booking.com-ի առաջարկած խայտաբղետ ծառայություններն իսկապես շփոթություն են առաջացնում:

1111

Զանգահարում ենք տուրիստական գործակալություն: «ՌԻՄԱ ԹՐԱՎԵԼ» տուրիստական ընկերությունը որպես միջին կարգի հյուրանոց Ծաղկաձորում առաջարկում է «Ծաղկահովիտը»: Երկու հոգու համար մեկ գիշերակացը 25 հազար դրամ, 3 անգամյա սնունդով:

Ավելի էժան «Նաիրի» հյուրանոցն է, սակայն զգուշացնում են, որ պայմանները զգալի զիջում են «Ծաղկահովիտին», և նախապես են ասում, որ զբոսաշրջիկը խնդրի առաջ չկանգնի:

Նշանակում է, որ եթե օգտվում ենք Ծաղկահովիտից, ուրեմն 4 հոգանոց ընտանիքի համար մեկ գիշերակացը արժենում է 50 հազար դրամ: Հինգօրյա հանգստի համար պետք է վճարել 250 հազար դրամ, 7-օրյա հանգստի համար՝ 350 հազար դրամ:

Վաղուց է, ինչ արդեն ամառային հանգստի օրերը Հայաստանի քաղաքացիներից շատերն անցկացնում են ոչ թե Հայաստանի հանգստավայրերում, այլ հարևան Վրաստանի լողափերին:

Ձմեռային հանգստի օրերին Ծաղկաձորին արդյոք կարելի է փոխարինել Բակուրիանին: Վրաստանում ամենաթանկ հանգիստը հենց Բակուրիանիում է: Տուրիստական գործակալության աշխատակիցներին խնդրում եմ առաջարկել նույն միջին հանգստի պայմանները, որոնք հավասարազոր են Ծաղկաձորի «Ծաղկահովտի» չափանիշներին:

2222

Ինձ առաջարկում են Բակուրիանիի «Ապոլո» հյուրանոցը: Գները գրեթե նույնն են, մի փոքր էժան: Երկու հոգու համար մեկ գիշերակացը 22 հազար դրամ: Սա նշանակում է, որ չորս հոգու համար մեկ օրվա գումարի տնտեսումը 6 հազար դրամ է, 5 օրում՝ 30 հազար, 7 օրում 42 հազար: Տարբերությունը մեծ չէ, սակայն շատերի համար ավելի նախընտրելի է հանգստի մեկնել երկրից դուրս: Բացի այդ, հարևան երկրում շատ լավ զարգացած է հյուրատների անձնական բիզնես-ծառայությունը: Ինչպես ամռանը Ուռեկի, Քոբուլեթի, Բաթումի քաղաքներ կարելի է մեկնել և կեցությունն ապահովել ոչ թե հյուրանոցներում, այլ հյուրատներում, որտեղ մի քանի անգամ ավելի մատչելի է, այնպես էլ ձմեռային Բակուրիանիի հանգստից կարելի է օգտվել ավելի մատչելի՝ ինչպես տուրերով, այնպես էլ անձնական այցելություններով, երբ օգտվում ես հյուրատների մատչելի ծառայություններից:

Հավանաբար այդ իսկ պատճառով Վրաստանը հայ զբոսաշրջիկների համար մնում է նախընտրելի: 2015թ.-ին Վրաստան այցելած զբոսաշրջիկների թվով Հայաստանն առաջատար է. հարևան երկիր է այցելել մոտ 1,5 մլն հայաստանցի: Որպեսզի հասկանանք, թե սա ինչ կարգի թիվ է, ապա բավական է նշել, որ ՀՀ մեկնող բոլոր զբոսաշրջիկները միասին այդքան չեն կազմում:

33333

Այսպես, ՀՀ ԱՎԾ տվյալներով՝ 2016թ. հունվար-դեկտեմբերին ՀՀ է ժամանել 1.259.657 զբոսաշրջիկ: Ընդ որում, պետք է նկատի ունենալ, որ պաշտոնական այս թվում արտացոլված է ոչ օբյեկտիվ պատկեր: Այսինքն չենք կարող ասել, որ բոլոր այդ մարդիկ ՀՀ են եկել հենց զբոսաշրջության նպատակով: Չենք կարող բացառել նաև, որ եղել են մարդիկ, որոնց համար Հայաստանը գրավիչ է և զբոսաշրջության համար նախընտրելի վայր: Սակայն պաշտոնական այս թվում ներառված են նաև հայեր, ովքեր ՀՀ են մեկնել, ասենք, հարազատ-բարեկամներին տեսակցելու նպատակով և այլն:

Թանկ հյուրանոցային ծառայությունները միակ պրոբլեմը չեն Հայաստանի համար: Առհասարակ հարց է, թե զբոսաշրջիկների մեծ հոսք ունենալու դեպքում ՀՀ-ն ունի՞ արդյոք այն ենթակառուցվածքները, որոնք անհրաժեշտ են զբոսաշրջիկի համար: Ասենք, օրինակ, զբոսաշրջիկների մեծ հոսք լինելու դեպքում ունե՞նք արդյոք այդքան հյուրանոցային ծառայություններ: Մեզանում զարգացած չէ նաև հյուրատների ինստիտուտը:

Էլ չենք խոսում ճանապարհների մասին, տուրիստական վայրերում աղբամանների ու զուգարանների բացակայության և ավիատոմսերի բարձր գների մասին:

Վերջինը շատ կարևոր նախապայման է դրսից Կովկաս մեկնող տուրիստների համար: Դեպի Վրաստան ուղղություններն անհամեմատ էժան են:

Այնպես էլ Հայաստանից արտերկիր մեկնողների շրջանում նկատվում է հստակ միտում թռիչքներ կատարել ոչ թե Երևանից, այլ Թբիլիսիից: Տուրիստական գործակալությունների ներկայացուցիչները պարզաբանում են, որ պատճառը Վրաստանից ավիատոմսերի էապես էժան լինելն է:

Թբիլիսիից հայաստանցիները հիմնականում մեկնում են Եվրոպա, ավելի ստույգ՝ Հայաստանից Եվրոպա մեկնողների 60%-ը նախընտրում է մի քանի ժամ ծախսել մեքենայով Վրաստան հասնելու համար և այնտեղից թռչել:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝