Հայաստանի վիճակը շարունակում է մնալ խի՞ստ ծանր, թե հիմա պարզապես ծանր է. Սուրեն Կարայանը կանխատեսում է արտահանման ծավալների աճ

suren karayan

ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Սուրեն Կարայանի կանխատեսումներով այս տարի աճելու են արտահանման ծավալները.

«2017 թ.-ին մեր կանխատեսումները հետեւյալն են, որ հիմնականում մենք արտահանման մասով այն աճի տեմպերը, որ ունեցել ենք 2016թ.-ին, առնվազն կպահպանենք եւ կգերազանցենք այդ տեմպերը: Աճի տեմպեր կունենանք նաեւ ներդրումների մասով: Բավականին շատ աշխատանքներ 2016թ.-ի վերջին եռամսյակում իրականացրել ենք, նախապատրաստել ենք դաշտը եւ ակնկալում ենք, որ 2017թ.-ի եւ տնտեսական աճը, եւ տնտեսական ակտիվության բոլոր ցուցանիշները, այդ թվում՝ արդյունաբերության եւ արտահանման լուրջ ցուցանիշներ կունենանք»,- հայտարարեց նախարարը ՀՀ կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ընթացքում:

Լրագրողներից մեկը նախարարին հիշեցրեց ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի չորս ամիս առաջ հնչեցրած հայտարարությունը, երբ նոր էր ստանձնում կառավարության ղեկավարի պաշտոնը:

Կ. Կարապետյանն այն ժամանակ հայտարարեց, որ Հայաստանի տնտեսության վիճակը խիստ ծանր է: Լրագրողները հարցրին, թե արդեն հիմա՞ էլ է շատ ծանր վիճակում ՀՀ տնտեսությունը, թե՞ ոչ, եւ եթե կան փոփոխություններ, ապա ո՞ր ոլորտներում են այդ փոփոխությունները:

«Մենք վերանայեցինք տնտեսական զարգացման մոդելը եւ հիմնական շեշտադրումը դնում ենք արդեն, որպեսզի մեր տնտեսությունը զարգանա առաջարկի հիման վրա: Ելնելով Հայաստանի փոքր լինելու, փոքր տնտեսության առանձնահատկություններից՝ հիմնականում շեշտադրումը դնում ենք, որ տնտեսությունը պիտի զարգանա ի հաշիվ առաջարկի»:

Նախարարն այդպես էլ շրջանցեց հարցը, թե ի վերջո շա՞տ ծանր է տնտեսության վիճակը, թե պարզապես ծանր է, եւ կամ ինչ փոփոխություններ են եղել տնտեսական քաղաքականության մեջ:

Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝