Ինչո՞ւ են նվազել Հայաստանում տուրիզմի ցուցանիշները

ddd

Հայաստանի լոգիստիկ հասանելիության բարդությունը, Ռուսաստանում տնտեսական դժվարությունները, հայկական ավիացիայի շուկայում ստեղծված իրավիճակը, մարքեթինգի բացերը և ներքին ենթակառուցվածքների՝ հատկապես ճանապարհների ոչ բարվոք վիճակը, խոչընդոտում են զբոսաշրջության զարգացմանը: Այս մասին «Մեդիա կենտրոնում» հայտարարեցին ավիացիայի և զբոսաշրջության ոլորտի փորձագետները:

Պաշտոնական տվյալներով, որոնք ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության վարչության պետ Մեխակ Ապրեսյանը, 2015-ին 2014-ի համեմատ ներգնա զբոսաշրջիկների այցելությունը նվազել է 1%-ով:

«Նվազումը պայմանավորված է հիմնականում Ռուսաստանից այցելությունների նվազմամբ, որի պատճառը ռուբլու արժեզրկումն էր: Ընդհանրապես անցյալ տարի արտագնա տուրիզմի ծավալները Ռուսաստանից շատ կտրուկ նվազել են»,- հայտնեց Ապրեսյանը՝ հավելելով, որ Արաբական Էմիրություններից, Իրանից, Իրաքից, Իսպանիայից Հայաստան ժամանած զբոսաշրջիկների թիվն ավելացել է:

Ապրեսյանի խոսքով՝ Հայաստանի նկատմամբ զբոսաշրջիկների հետաքրքրությունն աճում է:

Քննարկմանը ներկա տնտեսագետ Արտակ Մանուկյանի խոսքով՝ անցյալ տարի տուրիզմի ոլորտում ոչ թե անկում, այլ աճ պետք է գրանցվեր, քանի որ երկրում տեղի ունեցան երեք կարևոր իրադարձություններ՝ Քիմ Քարդաշյանի այցը, Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները եւ Համահայկական խաղերը:

«Ռուսաստանի տնտեսական դժվարությունները ևս Հայաստանի պարագայում մեծ խնդիր չէ, քանի որ հարևան Վրաստան ռուս զբոսաշրջիկների այցելությունները չեն նվազել»,- հակադարձեց Մանուկյանը:

Համեմատության համար նշենք, որ անցյալ տարի Հայաստան այցելել է մոտ 1,18 մլն զբոսաշրջիկ, իսկ Վրաստան՝ 5,8 մլն: Տարեկան Հայաստանում պետական բյուջեից հատկացվում է մոտ 400 հազար դոլար տուրիզմի համար: Ոլորտը հայտարարված է որպես տնտեսության գերակա ճյուղ:

Այնուամենայնիվ, հայկական տուրիզմի խնդիրներից մեկը դիվերսիֆիկացիայի թուլությունն է: Հղում անելով պաշտոնական վիճակագրությանը՝ Մանուկյանը նշեց, որ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների մոտ 70%-ը հայկական արմատներ ունեն, եւ նրանց այցը հայրենիք պայմանավորված է հայկական ծագմամբ:

«Սա կարճաժամկետ ազդեցություն է, քանի որ մեկ սերունդ հետո այդ այցելություններն ավելի ու ավելի են նվազելու: Բացի այդ, նրանց մեծ մասը գալիս են Հայաստան և մնում բարեկամների տանը: Նրանք չեն օգտվում հյուրանոցային ծառայություններից: Եթե չի փոխվում այս դինամիկան արդեն տևական ժամանակ, ապա անհասկանալի է, թե ինչի վրա են փողեր ծախսվում»,- ասաց Մանուկյանը, ում հետ չհամաձայնեց Մեխակ Ապրեսյանը:

Միևնույն ժամանակ Ապրեսյանը չներկայացրեց հստակ վիճակագրական տվյալներ, թե Հայաստան ժամանող տուրիստների որ մասն է տեղավորվում հյուրանոցներում: Նա միայն նշեց, որ ոլորտում ծախսվող գումարները զբոսաշրջության զարգացումն ու աճն են ապահովում: Ապրեսյանի վստահեցմամբ՝ նախորդ տարիներին մինչեւ 10% աճ է արձանագրվել:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2014-ին Հայաստան ժամանած 12 մլն զբոսաշրջիկներից հյուրանոցային տնտեսությունում են տեղավորվել 164 հազարը (կամ 13,7%): 2015-ին ժամանել է 1 մլն 189 հազար զբոսաշրջիկ, որից հյուրանոցային տնտեսությունում են տեղավորվել կրկին 164 հազարը (13․8%)։ Նույն աղբյուրը` ԱՎԾ-ն, տարբերակում է նաև բարեկամի կամ հարազատի տանը, վարձով տրվող բնակարաններում տեղավորվողների թիվը: Ստացվում է՝ միջազգային զբոսաշրջիկների միայն 14% է օգտվում հյուրանոցային ծառայություններից։

Քննարկմանը մասնակից «Ավիատրանս» ընկերության ղեկավար Տիգրան Աչոյանն էլ, անդրադառնալով քաղավիացիային և դրա հետ կապված զբոսաշրջության խնդիրներին, նշեց, որ Հայաստանում հայտարարված «Բաց երկնքի» քաղաքականությունը, որի արդյունքում միայն մեկ ուղղությամբ՝ Երեւան-Մոսկվա-Երեւան, 5 ռուսաստանյան ավիաընկերություններ են աշխատում, նոր իրավիճակ է ստեղծել:

Շուկա է մտնում նոր ավիաընկերություն՝ «Արմենիան», սակայն պարզ չէ վերջինիս ապագան, քանի որ ստեղծված պայմաններում այդ ընկերությունը չի կարող հույսը դնել պետական աջակցության կամ քվոտաների վրա:

Քննարկման մասնակիցները նշեցին, որ հատկապես Իրանի դեմ պատժամիջոցների չեղարկման ֆոնին հնարավորություն է ստեղծվում ինչ-որ չափով միավորել Հայաստան-Վրաստան-Իրան տուրիստական շուկաները, ստեղծել միասնական տուր-փաթեթներ:

Դիտվել է՝