Համաշխարհային գլոբալ նոր ճգնաժամը դեռ առջեւում է. Ջորջ Սորոս

gsoros46

Համաշխարհային տնտեսությունը դեռ զգում է 2008թ.-ի ճգնաժամի հետեւանքները, իսկ Ջորջ Սորոսը կրկին վատ նորություններ ունի. միլիարդատիրոջ կարծիքով համաշխարհային շուկաներին նոր անկում է սպասվում: Slon.ru-ի տեղեկացմամբ, նման հայտարարություն է նա արել Շրի Լանկայում տեղի ունեցած տնտեսական համաժողովի ժամանակ:

Գալիք դժվարությունները Սորոսը կապում է Չինաստանում փոփոխությունների հետ: Մինչ Պեկինը փորձում է գտնել տնտեսական աճի նոր մոդել, ըստ որի ներդրումների եւ արտադրության փոխարեն տնտեսության խթան պետք է դառնա սպառումը եւ ծառայությունների ոլորտը, յուանի արժեզրկումը բացասական ազդեցություն է թողնում այլ երկրների տնտեսությունների վրա: Անկումն արժութային, ֆոնդային եւ ապրանքային շուկաներում նոր տարվա առաջին շաբաթվա ընթացքում կարելի է համարել ապագա ճգնաժամի պատկերը:

«Չինաստանը կանգնած է (տնտեսության) վերակառուցման մեծ խնդրի առջեւ,- Սորոսին մեջբերում է Bloomberg-ը: -Ես կասեի, որ այն ունի ճգնաժամի ծավալներ: Երբ ես նայում եմ ֆինանսական շուկաներին, տեսնում եմ լուրջ մարտահրավերներ, որոնք հիշեցնում են 2008-ի ճգնաժամի մասին»:

Վերջին ամիսներին ֆոնդային շուկաներում առկա է զգալի լարվածություն: Չիկագոյի բորսայի փոփոխականության ցուցանիշը, որն ընդունված է անվանել «վախի ցուցանիշ», օգոստոսի վերջին չինական արժույթի արժեզրկումից հետո բարձրացավ 46%-ով, իսկ ընդհանուր առմամբ տարվա ընթացքում աճել է 13%-ով: Ճապոնիայի Nikkei-ի փոփոխականության ցուցանիշը հունվարին կազմել է 43%:

Ջորջ Սորոսը միակը չէ, ով խոսում է վերահաս ճգնաժամի մասին: Օգոստոսին համաշխարհային տնտեսության անկման հնարավոր նոր ալիքի մասին մտորում էր մեդիամագնատ Ռուպերտ Մերդոկը: Նմանատիպ կանխատեսումներ անում են նաեւ այլ ներդրողներ, իսկ Արժույթի միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը, թեեւ խուսափում են «ճգնաժամ» բառից, ամեն դեպքում հրապարակում են մռայլ կանխատեսումներ զարգացող շուկաների համար եւ անցկացնում են զուգահեռներ 2008 թվականի հետ: Սակայն ճշգրիտ կանխատեսել ապագա դժվարությունները ոչ ոք չի կարող:

Աղբյուր՝ slon.ru

Թարգմ.՝ Տիգրան Գասաբյան

Դիտվել է՝