1-ից մինչեւ 1,7 մլն դոլար աշխատավարձ. ինչպե՞ս են «գոյատեւում» երկրների ղեկավարները

новый коллаж

Հայտնի է, որ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իր նախագահական աշխատավարձից, որը կազմում է տարեկան 400.000 ԱՄՆ դոլար: Հանրապետական նախագահի խոսքերով, իրեն կբավարարի 1 դոլար աշխատավարձը:

Որքա՞ն են վաստակում երկրների ղեկավարները: Նախ սկսենք Սինգապուրից, որտեղ բարձր աշխատավարձը տնտեսական բարեփոխումների բաղկացուցիչ է համարվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի ամենաարդյունավետ միջոցը:  «Քաղաքական ու տնտեսական հրաշքների» երկիրն առանձնահատուկ է նաեւ այս առումով: Սինգապուրի նախագահն ու վարչապետն աշխարհի ամենաբարձր վարձատրվող պետական ղեկավարներն են:   Հատկանշական է, որ վարչապետ Լի Սյան Լունը վճարվում է ավելի շատ, քան երկրի նախագահը: Լունը ստանում է տարեկան շուրջ 1,7 մլն դոլար աշխատավարձ, իսկ նախագահ Թոնի Թան Քենգ Յամը՝ 1,1 մլն:  Սա այն դեպքում, երբ վարչապետի նախաձեռնությամբ զգալիորեն կրճատվել է իր, նախագահի եւ այլ պաշտոնյաների աշխատավարձերի չափը. մինչ այդ Սինգապուրի վարչապետը տարեկան ստանում էր մոտ 2,8 մլն դոլար աշխատավարձ:

Հայաստանի հանրապետությունում Սերժ Սարգսյանը ամսական ստանում է 1 մլն 322 հզր դրամ աշխատավարձ՝ 2.726 ԱՄՆ դոլար (տարեկան 32.700 դոլար):

Աշխարհի երկրների նախագահներից աշխատավարձի ամենացածր ցուցանիշով աչքի է ընկնում Ուկրաինայի ղեկավար Պետրո Պորոշենկոն, որի տարեկան աշխատավարձն Ադրբեջանի նախագահի ամսական աշխատավարձից շատ ավելի քիչ է: Պորոշենկոյի տարեկան աշխատավարձը կազմում է 11.600 դոլար այն դեպքում, երբ Իլհամ Ալիեւը մեկ ամսվա աշխատանքի դիմաց ստանում է 16.500 դոլար: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի տարեկան աշխատավարձը 136.000 դոլար է:

graphik

Սինգապուրի վարչապետից եւ նախագահից հետո աշխարհի ամենաբարձր վարձատրվող պետական պաշտոնյա է համարվում Հոնկոնգի գործադիր աշխատակազմի ղեկավար  Լյան Չժենյինը, ով տարեկան վաստակում է 530 հզր դոլար:

Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը ստանում է տարեկան    283 հզր դոլար, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը՝ 230 հզր դոլար, իսկ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը՝ 215 հզր դոլար աշխատավարձ: Եվրոպացի ղեկավարներից առավել բարձր աշխատավարձ են ստանում Իռլանդիայի նախագահ Մայքլ Հիգգինսը եւ Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բեթթելը՝ տարեկան 340 հզր դոլար:

Իր աշխատավարձի չափով եվրոպացի իր գործընկերներին գերազանցում է Ավստրալիայի վարչապետ Մալքոլմ Թյորնբուլը, ով վաստակում է տարեկան 345 հզր դոլար:

Կանադայի վարչապետը ստանում է տարեկան 296 հզր դոլար աշխատավարձ: Այլ պետությունների ղեկավարների տարեկան վարձատրության չափը՝ Հարավաֆրիկյան հանրապետություն -233 հզր, Ճապոնիա -203 հզր, Թուրքիա -197 հզր, Իտալիա – 125 հզր, Ադրբեջան -198 հզր, Վրաստան -37,2 հզր, Բելառուս- 54 հզր:

Նշված երկրների տնտեսական զարգացման աստիճանի, ազգաբնակչության կենսամակարդակի, միջին աշխատավարձի չափի բոլոր ցուցանիշները, կոռուպցիայի ու ժողովրդավարության մակարդակի եւ պետական բարձրաստիճան պաշտոնյաների եկամուտների համեմատականն առանձին վերլուծության թեմա է:

Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝