Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված գեղանկարչական ցուցահանդես Թբիլիսիում

1379608483,5434

Սեպտեմբերի 17-ին Վրաստանի Ազգային գրադարանի սրահում Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձին նվիրված` հայ եւ վրաց նկարիչների աշխատանքների ցուցահանդես էին կազմակերպել Վրաստանում ՀՀ դեսպանությունը եւ Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին կից «Հայարտուն» մշակութային կենտրոնը` Վրաստանի հայ նկարիչների եւ Վրաստանի հայ երաժիշտների միությունների կազմակերպական աջակցությամբ:

Ցուցահանդեսին բացման խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Հովհաննես Մանուկյանը: Դեսպան Մանուկյանը, շնորհավորելով ներկաներին Հայաստանի Հանրապետության անկախության 22-րդ տարեդարձի կապակցությամբ, մասնավորապես նշեց. «1991թ. հռչակված հայկական պետության անկախությունը թերեւս վերջին մի քանի դարերի ընթացքում մեր ժողովրդի ամենանշանակալից ձեռքբերումն է: Սա այն տոնն է, որի մասին դարեր շարունակ երազել են մեր ազգի լավագույն ներկայացուցիչները եւ հանուն որի արել ամեն հնարավորն ու նույնիսկ անհնարինը»:

Իր խոսքում Հովհաննես Մանուկյանն արժեւորեց հայ-վրացական մշակութային կապերի զարգացմանը միտված նմանատիպ միջոցառումների կազմակերպումն ու հայ-վրացական դարավոր բարեկամությունը խթանող եւ զարգացնող համատեղ այլ մշակութային ակցիաների իրականացումը:

Միջոցառմանը ելույթ ունեցան Վրաստանի նախագահի խորհրդական, «Վրաստան» թերթի գլխավոր խմբագիր Վան Բայբուրթյանը, Վրաստանի հայ նկարիչների միության նախագահ Մերուժան Շահումյանը, Վրաստանի նկարիչների միության նախագահ Գուրամ Ցերցվաձեն, Թբիլիսիի Սբ. Էջմիածին եկեղեցու լուսարարապետ Տեր Մանուկ քահանա Զեյնալյանը: Ներկայացվեցին ցուցահանդեսին մասնակցող հայ եւ վրաց գեղանկարիչները, նրանց ստեղծագործությունները, խոսվեց հայ եւ վրաց ժողովուրդների հարուստ մշակույթը հանրությանը ներկայացնելու եւ մշակութային փոխհարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին:

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 23-ը:

Դիտվել է՝ 75