Խաչատրյանի մրցույթին կմասնակցի 9 երկրի 16 թավջութակահար

1

Հայտնի են Խաչատրյանի 14-րդ միջազգային մրցույթին մասնակցելու համար դիմած երաժիշտների նախնական լսումների արդյունքները։ Ըստ այդմ՝ մրցույթի առաջին փուլին մասնակցելու իրավունք է ստացել աշխարհի 9 երկրի 16 թավջութակահար։ Նրանք են՝ Ֆյոդր Ամոսով (Ռուսաստանի Դաշնություն), Սևակ Ավանեսյան (Հայաստան/Բելգիա), Սերգեյ Բուլգադարյան (Ռուսաստանի Դաշնություն), Սանդրա Լիդ Հագա (Նորվեգիա), Չի-Ուոն Հոնգ (Կորեայի Հանրապետություն), Ռուստեմ Խամիդուլին (Ռուսաստանի Դաշնություն), Հայջին Կիմ (Կորեայի Հանրապետություն), Աննա Կոշկինա (Ռուսաստանի Դաշնություն), Կյունգ Ջուն Լի (Կորեայի Հանրապետություն), Մոն-Պուո Լի (Իսպանիա/Թայվան), Ժաննա Մինիոտաս (Ռուսաստանի Դաշնություն), Վարդուհի Միրզոյան (Հայաստան), Միքայել Պետրոսյան (Հայաստան), Վասիլի Ստեփանով (Ռուսաստանի Դաշնություն), Ջոնաթան Սվենսեն (Դանիա), Կենտա Ունո (Ճապոնիա)։

Հիշեցնենք, որ Խաչատրյանի միջազգային մրցույթը տեղի է ունենալու հունիսի 6-14-ը թավջութակ մասնագիտությամբ։ Այն կանցկացվի երեք փուլով՝ առաջին փուլ (հունիսի 7-8), կիսաեզրափակիչ (հունիսի 9-10) և եզրափակիչ (հունիսի 12-13)։ Առաջին և կիսաեզրափակիչ փուլերը տեղի կունենան Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում, իսկ երրորդ՝ եզրափակիչ փուլը՝ Արամ Խաչատրյան համերգասրահում։

Երաժշտական հեղինակավոր ստուգատեսն այս տարի մեծ խորհուրդ ունի. կայանում է Արամ Խաչատրյանի 115-ամյա հոբելյանական տարում։ Մրցույթի ընթացքում ամեն տարի մեծ տեղ է տրվում Խաչատրյանի ստեղծագործությունների կատարմանը։ Մրցույթի այս տարվա պարտադիր ծրագրի մեջ ներառված են Խաչատրյանի մենանվագ թավջութակի համար Սոնատ-ֆանտազիան և ըստ ընտրության՝ Թավջութակի կոնցերտը կամ Կոնցերտ-ռապսոդիան։ Ի դեպ, ինքը՝ Խաչատրյանը, նույնպես թավջութակահար էր և այս գործիքի համար գրել է մի քանի ստեղծագործություն։

Դիտվել է՝