Վաղը՝ հուլիսի 8-ին, կբացվի «Ոսկե ծիրան» 15-րդ միջազգային կինոփառատոնը

image

Փառատոնն ունի երկու հիմնական մրցութային անվանակարգ՝ խաղարկային ֆիլմերի միջազգային մրցույթ և վավերագրական ֆիլմերի միջազգային մրցույթ: Յուրաքանչյուր անվանակարգում կներկայացվի 12 լիամետրաժ ֆիլմ: Ֆիլմերը դիտելու և մրցանակակիրներին որոշելու համար հրավիրվել է միջազգային ժյուրի՝ յուրաքանչյուր ժյուրիի կազմում՝ 5 անդամ:

«Հայկական համայնապատկեր» խորագրով արտամրցութային ծրագրում կներկայացվեն տեղացի և սփյուռքահայ կինոռեժիսորների նկարահանած ֆիլմերը:

2018 թվականին առաջին անգամ փառատոնի շրջանակում կանցկացվի «Կինոյի արդյունաբերական օրեր» ծրագիրը, որը ներառում է առաջին կինոշուկան մեր տարածաշրջանում:

«Երևանյան պրեմիերաներ» արտամրցութային ծրագրի շրջանակում տեղի կունենան Կաննի, Բեռլինի, Ռոտերդամ Լոկառնոյի, Վենետիկի հեղինակավոր միջազգային կինոփառատոնների գլխավոր մրցանակներին արժանացած լավագույն ֆիլմերի պրեմիերաները: Այս ծրագրում ընդհանուր առմամբ կցուցադրվի 15 ֆիլմ:

Արտամրցութային առանձին ծրագրեր նվիրված կլինեն տարբեր երկրների ժամանակակից կինոյին:

«Հարգանքի տուրք» ծրագրում Ինգմար Բերգմանի 100-ամյա հոբելյանի առիթով կցուցադրվեն ֆիլմեր անվանի ռեժիսորի մասին և հեղինակի ֆիլմերը:

Հայկական կինոյի մեծանուն գործիչներ Ներսես Հովհաննիսյանի, Ալբերտ Մկրտչյանի, Արա Վահունու 80-ամյա հոբելյանների առիթով Շառլ Ազնավուրի անվան հրապարակում կտեղադրվեն նրանց Պատվո աստղերը:

«ԱՊՀ երկրների կինոն» ծրագրի շրջանակում նախատեսվում է հյուրընկալել տարածաշրջանի մոտ 3 տասնյակ կինոգործչի: Երևանում և Գյումրիում կցուցադրվի տարածաշրջանում վերջին տարիներին նկարահանված լավագույն ֆիլմերի ընտրանին: Կկազմակերպվի կլոր սեղան-քննարկում՝ համատեղ արտադրությունների և միասնական կինոշուկա ունենալու վերաբերյալ:

Առանձին ծրագիր կներկայացվի ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք ճանաչված Գորիս քաղաքում:   

Կիրագործվի նաև Ֆրանկոֆոն երկրների ֆիլմերի ընդարձակ ծրագիրը՝ Ֆրանկոֆոն երկրների դեսպանությունների հետ համատեղ:

Վարպետության դասերով հանդես կգան տարբեր միջազգային կինոդպրոցների մասնագետներ, հանրաճանաչ կինոգործիչներ: Հիմնական վարպետության դասերը տեղի կունենան «ԹՈՒՄՈ» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում և Հայ Բարեգործական Ընդհանուր Միությունում:

Ընդհանուր առմամբ փառատոնի շրջանակում նախատեսվում է ցուցադրել 150 ֆիլմ և հյուրընկալել շուրջ 200 միջազգային և տեղացի կինոգործիչների:

Փառատոնը կտևի մինչև հուլիսի 15-ը:

 

Դիտվել է՝