«70-ից ավելի դերեր եմ ունեցել, ես իրենցով եմ ապրել, իրենցով շնչել… և շարունակում եմ նրանցով ապրել…». Հովհաննես Հովհաննիսյան

1381179585,406

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է Գյումրու Վ.Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնի ռեժիսոր, դերասան, ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղի դերասանի վարպետություն և ռեժիսուրա առարկայի դասախոս Հովհաննես Հովհաննիսյանը։

-Պարոն Հովհաննիսյան, պատմեք մի փոքր Ձեր մանկությունից։

-Իմ մանկության օրերը լույսով ողողված են եղել, ես երջանիկ մանկություն եմ ունեցել, շատ բան ունեմ հիշելու իմ մանկությունից, մի պատմություն միայն կպատմեմ, որ նաև զավեշտական է… Հազիվ էր լրացել իմ հինգ տարեկանը, երբ մի օր հայրիկս մի զույգ
կոշիկ բերեց ինձ համար, նոր սանդալներ (այդպես էին կոչում այդ կոշիկները), և ասաց. «Հիմա հագիր «յոլա» գնա մինչև լավը գնեմ քեզ համար»… Իսկ ես մտածեցի, թե այդ «յոլա»-ն տեղանուն է, այգի կամ ինչ-որ զվարճալի մի տեղ, որ պետք է գնայի: Ես արագ հագա նոր կոշիկները և բարձրաձայն գոչեցի. «Մայրիկ, ես պատրաստ եմ, ինձ «յոլա» տար…»: Մայրիկս շատ զարմացավ, հայրիկս նույնպես… նայեցին իրար և մի լավ ծիծաղեցին ինձ վրա… Ես հետո հասկացա, թե ինչ է «յոլա գնալ»-ը նշանակում…

-Երբ եք արել առաջին քայլերը թատերական արվեստում։ Ինչպե՞ս է արձագանքել Ձեր ընտանիքը։

-Մեր ընտանիքը շատ թատերասեր էր, նրանք բաց չէին թողնում ոչ մի առաջնախաղ… Ես նրանց հետ բոլոր առաջնախաղերի ակտիվ մասնակիցն էի դառնում, իհարկե շատ բան չէի հասկանում, թե ինչ է ներկայացումը, թե ինչ է թատրոնը… բայց ներկայացման հաջորդ օրը ես փորձում էի նմանակել իմ լսածը և տեսածը… հենց մեր տանը, մեր բակում՝ հարևանների ներկայությամբ… Ձեռքիս տակ ընկած հենց առաջին իրը դարձնում էի սուր, ջահ կամ վահան… և խաղում էի

ինքնամոռաց կերպով… Ինձ գրավում էր այդ կախարդական, զարմանահրաշ աշխարհը… ես ուզում էի այդ աշխարհի մի մասնիկը դառնալ ու մասնակցել այդ հրավառությանը, այդ տոնին… Տատս՝ գյումրեցի Սաթենիկը, ասում էր, որ իմ փոքր թոռը՝ Օհաննեսը, դերասան է դառնալու, որովհետև լավ երգում է, լավ արտադրում (այսինքն՝ արտասանում), և հաճախ էր խնդրում ինձ իր սիրած բանաստեղծությունը արտասանել… Ես նրա ցանկությունը կատարում էի՝ պարգևատրվելով համեղ կոնֆետով կամ թանկագին հյուրի համար պահված շոկոլադով… Բայց ես դեռ չէի որոշել, թե ինչ եմ դառնալու, երբ մեծանամ: Ինչպես փոքրիկ տղաներն ու աղջիկները, ուզում էի բժիշկ, ճարտարապետ, զինվոր կամ վարորդ դառնալ: Այդ ամենը ինձ համար լոկ խաղ էր, մանկական անմեղ, միամիտ խաղ: Չէի մտածում, որ մի օր ես կդառնամ այդ մեծ, հրաշք «ԽԱՂԻ» անմիջական մասնակիցը…

-Իսկ հետո ինչպե՞ս շարունակեցիք։

-Եվ օրերից մի օր մեր դպրոց եկավ բարետես ու հաճելի մի մարդ, մտավ մեր դասարան ու հարցրեց մեզ, թե ով է ուզում հաճախել թատերական խմբակ, որը գործում է շինարարների մշակույթի պալատում: Իմ մեջ ցանկություն կար մասնակցել այդ խմբակի աշխատանքներին, սկզբում ցանկություն չհայտնեցի գնալ, բայց մի քանի օր հետո որոշեցի մասնակցել: Եվ գնացի: Կամաց-կամաց վարակվեցի այդ սուր վարակիչ հիվանդությամբ, ու թատրոնը իմ ողջ կյանքի ուղեկից դարձավ, առանց որի վայրկյան իսկ չեմ պատկերացնում ինձ: Հետո՝ Լենինականի Աս. Մռավյանի անվ. պետ. դրամատիկական թատրոնի դերասանական ստուդիա (1980թ.), որի ղեկավարն էր ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, տաղանդավոր ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը: Հետո՝ Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, այնտեղ իմ կուրսղեկն էր

ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ, իմ շատ սիրելի ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը:

-Որտե՞ղ եք արել Ձեր առաջին քայլերը պրոֆեսիոնալ թատրոնում։

-Պրոֆեսիոնալ թատրոնում իմ առաջին քայլերը արել և բեմական մկրտությունը ստացել եմ Կապանի Ալ. Շիրվանզադեի անվ. պետ. թատրոնում: Իմ առաջին դերն էր այդ թատրոնում Գարեգին Սիսակյանի կերպարը՝ Նար-Դոսի «Սպանված աղավնի» դրամայում (բեմադրությունը՝ Հ. Ղազանչյանի. 1986թ.): 1989թ. Կապանից վերադարձա Լենինական, ընդունվեցի Վ. Աճեմյանի անվան պետ. դրամ. թատրոն, որտեղ խաղացի մի շարք դերեր՝ Գրիգոր Լուսավորիչ (Ալ.Մկրտչյանի և Ռ. Քոչարյանի «Հավատք», բեմ.՝ Ալ.Մկրտչյանի), Ֆլորինդո Արետուզի (Կ. Գոլդոնի «Երկու տիրոջ ծառա», բեմ.՝ Ալ. Մկրտչյանի), Սեպուհ իշխան (Լ. Շանթի «Ինկած բերդի իշխանուհին», բեմ.՝ Մ. Գրիգորյանի), Արամ Թոմասյան (Ռ. Կալինովսկի «Հրեշը լուսնի վրա», բեմ.՝ Ն. Ծատուրյանի)… 70-ից ավելի դերերը, որոնք իմ շատ սիրելի և անփոխարինելի զավակներն են, ես իրենցով եմ ապրել, իրենցով՝ շնչել… և շարունակում եմ նրանցով ապրել…

-Ինչպիսի՞ հետագա մասնագիտական ծրագրեր ունեք։

-Ես մեր թատրոնը շատ եմ սիրում՝ Գյումրու Վ. Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնը, որտեղ աշխատում եմ որպես բեմադրող ռեժիսոր: Շարունակում եմ խաղալ` հարստացնելով իմ խաղացանկը: Դասավանդում եմ ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղում «Դերասանի վարպետություն և ռեժիսուրա» առարկան: Հիանալի կուրս ունեմ…

-Ինչպե՞ս եք գնահատում Գյումրու մշակութային կյանքը։

-Հիմա մեր քաղաքը մշակութային ակտիվ կյանքով է ապրում, բայց միայն հիմա, քանի որ Գյումրին այս տարի հռչակվել է ԱՊՀ երկրների մշակութային մայրաքաղաք: Ակտիվորեն միջոցառումներ եմ անցկացնում: Բայց… կանցնի և այդ… Մշակութային մայրաքաղաքին մենք հրաժեշտ կտանք ու նորից… կտևի տևական դադար ու թմբիր: Սակայն մեր քաղաքում կան կարող և իրոք բարձր արհեստավարժությամբ աչքի ընկնող կոլեկտիվներ՝ Գյումրու պետական սիմֆոնիկ նվագախումբը (գեղ. ղեկ. և գլխավոր դիրիժոր՝ Ե. Վարոսյան), Գյումրու ժողովրդական նվագարանների պետական նվագախումբը (գեղ. ղեկ. և գլխավոր դիրիժոր՝ Ջ. Քաղցրիկյան), Գյումրու Իս. Ալիխանյանի անվան պետական տիկնիկային թատրոնը՝ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնը, ծայրահեղ վատ շենքային և տեխնիկական անխնամ վիճակում է: Կարող եմ անթիվ, անհամար թվել: Ժամանակն է, որ իրոք մտածենք մեր մշակույթի մասին, մեր քաղաքի մասին…

Հիմա պատրաստվում եմ բեմադրել, պետական պատվերով, հայտնի դրամատուրգ Գևորգ Սարգսյանի «ՄԱՇՏՈՑ» պիեսը: Պատմական մի պիես, որը մեզ կտեղափոխի 5-րդ դար, հայոց ՈՍԿԵԴԱՐ, որին, իմ կարծիքով, երկար է սպասել հանդիսատեսը: Պատրաստվում եմ նաև մասնակցել «Արմմոնո» միջազգային թատերական փառատոնին, որին կներկայացնեմ «ՇԵՐԱՄ» մոնոդրաման: Մոտ օրերս ԵԹԿՊԻ Գյումրու մասնաճյուղում կանցկացվի «ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆ» ուսանողական գիտաժողովը, որ նվիրված կլինի Մեծ դերասանի հիշատակին…

Հարցազրույցը՝ Եվա Հարութի

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>