Սերգեյ Սմբատյանը Վարշավայում հանդես կգա Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակում

1

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը նոյեմբերի 17-ին հրավիրված է ելույթ ունենալու մեր ժամանակների լեգենդ, լեհ կոմպոզիտոր, դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկու փառատոնի շրջանակներում։ Փառատոնը նվիրված է մեծ կոմպոզիտորի 85-ամյա հոբելյանին, անցկացվում է Վարշավայում նոյեմբերի 16-23-ը։ Ամբողջ փառատոնի ընթացքում հնչելու են Պենդերեցկու՝ տարբեր ժամանակներում գրված սիմֆոնիկ և կամերային ստեղծագործությունները։ Փառատոնին հրավիրված են մասնակցելու մեծահամբավ երաժիշտներ, ովքեր կներկայացնեն Պենդերեցկու արվեստն իրենց մեկնաբանմամբ։

Մաեստրո Սմբատյանը Վարշավայի ֆիլհարմոնիկի համերգասրահում ղեկավարելու է Sinfonia Varsovia նվագախումբը՝ ներկայացնելով Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան։

Հիշեցնենք, որ 2018 թվականին աշխարհի տարբեր երկրներում անցկացվում են Պենդերեցկու 85-ամյա հոբելյանին նվիրված փառատոներ, համերգաշարեր։ Ի դեպ, լեհ մեծ կոմպոզիտորի հոբելյանական տարվա միջոցառումները մեկնարկեցին փետրվարին Հայաստանից, որտեղ «Պենդերեցկու օրերը Հայաստանում» համերգաշրջանի ընթացքում հնչեցվեցին Պենդերեցկու ստեղծագործությունները, շատերը՝ Հայաստանում առաջին անգամ։ Համերգաշրջանն իր ներկայությամբ պատվել էր ինքը՝ կոմպոզիտորը։ Դեռևս այն ժամանակ Պենդերեցկին նշեց, որ Սերգեյ Սմբատյանը աշնանը հրավիրված է Վարշավա՝ մասնակցելու իրեն նվիրված փառատոնին։ Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը և դիրիժոր Սերգեյ Սմբատյանը սերտորեն համագործակցում են Քշիշտոֆ Պենդերեցկու հետ, ով 2015 թվականին ժամանել էր Հայաստան՝ ներկա գտնվելու նվագախմբի 10-ամյակին նվիրված միջոցառումներին և միասին նշելու նվագախմբի հաջողությունները։

Ավելացնենք նաև, որ Պենդերեցկու թիվ 2՝ «Սուրբ ծննդյան» սիմֆոնիան նոյեմբերի 25-ին Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ և Sinfonia Varsovia նվագախմբի կատարմամբ կհնչի նաև Լեհաստանի հարավում գտնվող Կատովից քաղաքում։

Դիտվել է՝