Ինչպես Չե Գեւարան վերածվեց «սուրբ Էռնեստոյի»

Image000171

«Արտաքինից նա նման էր Քրիստոսին. մորուք, երկար մազեր: Այդպես ասում էին Վալյեգրանդեի որոշ բնակիչներ Էռնեստո Չե Գեւարա»-ի մասին»,- EL Pais-ում գրում է Անդրես Ռոդրիգեսը:

«1967թ.-ի հոկտեմբերի 9-ին մահապատժի ենթարկված Չեի դիակը, որը բերել էին մահապատժի իրականացման վայրից, գտնվում էր «Սենյոր դը Մալթա» հիվանդանոցի լվացքատանը: Գլխավոր բժիշկը հրամայել էր չփակել մահացածի աչքերը, հիշում է Սուսանա Օսինագան՝ բուժքույրերից մեկը, որոնց հանձնարարվել էր լվանալ Կուբայի հեղափոխության գաղափարախոսի մարմինը: Տեղի բնակիչների խոսքերով, որոնք մտել են ներս Չեին տեսնելու համար, մահացածի հայացքն ուղեկցել է յուրաքանչյուր այցելուի եւ պարզ է եղել, ինչպես ողջ մարդունը: 50 տարի անց ոմանք դեռեւս երկրպագում են Չեին՝ որպես սրբի»,- ասվում է հոդվածում:

«Շատերը գալիս են եղբայրական գերեզման, որտեղ նրա աճյունը մնացել է 1967-97 թ.թ.-ին իր վեց ընկերների կողքին: 2006թ.-ին այնտեղ կառուցել են դամբարան, ավելի քան մեկ տարի առաջ այն դարձել է մշակութային կենտրոնի մի մասը, որն անվանվել է Չեի պատվին: Դամբարանի պահակ Մարիո Մեդինան պատմում է. «Շատերը գալիս եւ աղոթում են, Չեի հոգուց խնդրում են, որպեսզի կատարի իրենց ցանկությունները: Շատ ամուսնական զույգեր ինչ-որ բան են խնդրում, հիվանդ տարեցները խնդրում են բուժել իրենց»:

«Մշակույթի կենտրոնից դեպի հիվանդանոց տանող ճանապարհին կան բազմաթիվ խանութներ, որտեղ վաճառում են Չե Գեւարայի պատկերով իրեր: Հիվանդանոցում ուխտագնացներն այցելում են լվացքատուն: Նախկին բուժքույր Սուսանա Օսինագան, ով արդեն 85 տարեկան է, համոզված է, որ պարտիզանի հոգին բուժում է մարդկանց, քանի որ կենդանության օրոք նա բժիշկ է եղել»,- փոխանցում է հեղինակը: «Նա է մինչեւ հիմա պահպանում իմ կյանքը»,- նշում է Օսինագան:

«65-ամյա Բլանկա Կադիման պատմում է, որ 50 տարի առաջ հազիվ է փրկվել: 15-ամյա Կադիման իր դասընկերուհու հետ դպրոց չի գնացել, որպեսզի գնա եւ տեսնի Չեի դիակը: Երբ հիվանդանոցի դռները բացվել են, ամբոխը ներս է խուժել, եւ աղջկան ներքեւ են գցել: Կադիման ավետարանչական քրիստոնյա է եւ չի հավատում սրբերին, սակայն հարգում է իր հարեւանների հավատը. «Նրանք աղոթում են: Երբ նրանք անձրեւ են խնդրում, Չեն նրանց համար անձրեւ է բերում»:

«Լա Իգերա փոքրիկ գյուղում, որտեղ մահապատժի ենթարկվեց Չե Գեւարան, կա 5մ բարձրությամբ հուշարձան եւ կենտրոնական հրապարակ հնգանկյուն աստղի ձեւով: Չեի կիսանդրին գտնվում է մի տան մոտ, որի կտուրին խաչ կա: Տնակում կարելի է գտնել գույնզգույն մոմերի մնացորդներ: Դպրոցի շենքը, որտեղ գերի էին պահում Չեին, վերածվել է թանգարանի, որի պատերին կան գրություններ ամենատարբեր լեզուներով՝ սկսած պորտուգալերենից եւ արաբերենից, մինչեւ ճապոներեն եւ գերմաներեն»,- եզրափակում է թղթակիցը:

Աղբյուր՝ EL Pais

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝