Քշիշտոֆ Պենդերեցկի. «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր»

1

Քշիշտոֆ Պենդերեցկու 85-ամյակին նվիրված փառատոնն ամփոփվեց ամենաբարձր նոտայով. փառահեղ երաժշտություն, հայ երաժիշտների կատարողական մեծ վարպետություն, նվագախումբ բեմում, նվագախումբ օթյակում… Փետրվարի 17-ին Հայաստանում առաջին անգամ ներկայացվում էր Պենդերեցկու Յութերորդ սիմֆոնիան՝ «Երուսաղեմի յոթ դարպասները» մեծակտավ ստեղծագործությունը։

Սիմֆոնիան ստեղծվել է Երուսաղեմի 3000-ամյա հոբելյանի առթիվ` Երուսաղեմի քաղաքապետի պատվերով։ Այն գրված է 5 վոկալիստների, ասմունքողի, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար։ Յոթ մասից բաղկացած ստեղծագործության հիմքում Հին կտակարանի տեքստերն են։ Սիմֆոնիայի գաղափարական բովանդակությամբ կոմպոզիտորը ցանկացել է ընդգծել, որ Երուսաղեմի դարպասները գիշերուզօր բաց են յուրաքանչյուրի համար, և նրա երազանքն է, որպեսզի սրբազան այս հողում թագավորի խաղաղությունը։

«Երուսաղեմի յոթ դարպասները» ներկայացրին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի փողային կազմը, Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի երգչախումբը, Հայաստանի պետական կամերային երգչախումբը, Երևանի պետական կամերային երգչախումբը, «Հովեր» պետական կամերային երգչախումբը։ Մենակատարներ՝ Իվոնա Հոսսա (սոպրանո), Կարոլինա Սիկորա (սոպրանո), Մալգորզատա Պանկո (մեցո-սոպրանո), Ալեքսանդր Կունախ (տենոր), Պյոտր Նովացկի (բաս), Սլավոմիր Հոլանդ (ասմունք)։ Դիրիժորներ՝ Սերգեյ Սմբատյան, Մացեյ Տվորեկ (պրոֆեսոր Քշիշտոֆ Պենդերեցկու ասիստենտ դիրիժոր), գլխավոր խմբավար՝ Ռադիկ Մելիքյան։

«Երուսաղեմի յոթ դարպասները» սիմֆոնիան հնչել է աշխարհի ամենահեղինակավոր դիրիժորների ղեկավարությամբ։ Սերգեյ Սմբատյանը նշեց, որ իր համար մեծ պատասխանատվություն է ղեկավարել այս համերգը և հատկապես` մաեստրո Պենդերեցկու ներկայությամբ։ «Մենք շատ հպարտ ենք, որ Հայաստանում կարող ենք կատարել նման ստեղծագործություն, իրականացնել նման նախագիծ։ Սա կարևոր նշաձող է մեզ համար։ Մաեստրո Պենդերեցկուն շատ բան է կապում հայ երաժիշտների հետ։ Բայց պրոֆեսիոնալ դաշտում ամենակարևորը որակական չափանիշներին համապատասխանելն է։ Մաեստրոն Հայաստանում տեսնում է որակյալ երաժիշտների ամբիցիաներ՝ բարդագույն գործերը ներկայացնելու ցանկություն։ Եվ այն կապը, որ կա Պենդերեցկու, հայ երաժիշտների, իմ ու իմ կոլեգաների միջև, պետք է կարողանանք պահպանել ու զարգացնել»,- ասաց Սերգեյ Սմբատյանը։

Քշիշտոֆ Պենդերեցկին, ամփոփելով իր հոբելյանին նվիրված փառատոնը, նշեց, որ երջանիկ է լինել Հայաստանում։ «Սա իմ կյանքի վերջին 20-30 տարիների ընթացքում ինձ նվիրված մեծագույն փառատոներից մեկն էր։ Բոլոր համերգները լավագույնս էին ներկայացված։ Ինձ համար միշտ մեծագույն հաճույք է գալ Հայաստան. հիանալի մթնոլորտ է տիրում այստեղ»,- ասաց Պենդերեցկին։

Մաեստրոն խոսեց նաև դիրիժոր Սերգեյ Սմբատյանի վարպետության մասին. «Երկար տարիներ է, ինչ ճանաչում եմ Սերգեյ Սմբատյանին։ Տարեցտարի նա ավելի ու ավելի է կատարելագործվում։ Սերգեյն այժմ մեծ դիրիժոր է. իր սերնդի լավագույններից մեկն է։ Ես շատ ուրախ եմ, որ նրա ղեկավարությամբ կհնչի Յոթերորդ սիմֆոնիան, որն ինձ համար լավագույններից է»։

4 5 3 2

Դիտվել է՝