Օլիվեր Սթոունն ասել է, թե ովքեր կարող են մարմնավորել Պուտինին

1492013891

Ամերիկացի ռեժիսոր Օլիվեր Սթոունը նշել է այն դերասաններին, ովքեր գեղարվեստական ֆիլմում կկարողանային մարմնավորել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին, հայտնում է New York Post թերթը:

«Առաջին հայացքից Ջերեմի Ռեններն է  նման նրան»,- նշել է Սթոունը: Նա ավելացրել է, որ Պուտինը «շատ խելացի է», եւ որ ինքը չգիտի, թե որքան խելացի է Ռենները: «Լեոնարդո Դի Կապրիոն կարող էր հանդես գալ որպես Պուտին, նա կարող էր մարմնավորել նաեւ Լենինին»,- ասել է ռեժիսորը:

Թերթի տվյալներով՝ Սթոունը չի պատրաստվում գեղարվեստական ֆիլմ նկարահանել Պուտինի մասին: «Ես չեմ կարծում, որ այդքան քաջություն կունենամ»,- ասել է նա:

Երկուշաբթի օրվանից ԱՄՆ-ում եթեր է գնալու Սթոունի  «Պուտինի հետ հարցազրույցը» վավերագրական ֆիլմը, որը ռեժիսորը պատրաստել է երկու տարի:

Սթոունը նշել է, որ Պուտինին միշտ լարված վիճակում է պահել իր անակնկալ հարցերով՝ հետաքրքրվելով նույնիսկ նրանով, թե որքան խորն է քնում ռուսաստանցի նախագահը:

«Նա ինձ ասել է, որ շատ լավ է քնում: Եթե ես նրա տեղում լինեի, ես արդեն նյարդային խանգարում կունենայի: Ըստ երեւույթին, ձյուդոն օգնում է»,- ասել է ռեժիսորը թերթին:

Սթոունի խոսքերով՝ նա տպավորված էր հարցազրույցի ընթացքում ցուցադրական վիճակների բացակայությամբ, նա նկարագրել է ռուսաստանցի նախագահին որպես համեստ մարդու: «Նա իր անձնական մեքենայով է երթեւեկում եւ մտածում է որպես շախմատ խաղացող»,- ասել է նա:

«Նա շատ հարմարավետ առանձնատուն ունի,- ավելացրել է ռեժիսորը: -Ես չեմ տեսել զբոսանավեր կամ հսկայական կալվածքներ»:

Սթոունը նաեւ  նշել է, որ իր կարծիքով Պուտինը հարցազրույց է տվել, որովհետեւ ուզում էր, որ իրեն լսեն: «Նաեւ ես մտածում եմ, որ իմ հարցերը ստիպեցին նրան լարվել»,- ասել է նա:

Սթոունը հայտնի է որպես սուր քաղաքական թեմաներով ֆիլմեր նկարահանող ռեժիսոր, նրա հերոսները եղել են նախագահներ Ռիչարդ Նիքսոնը, Ջոն Քենեդին, Ջորջ Բուշ-կրտսերը: Բացի դրանից, նրա վերջին գործը ԱՄՆ-ի հատուկ ծառայության նախկին գործակալ Էդվարդ Սնոուդենի մասին պատմող ֆիլմն է, որի պրեմիերան տեղի է ունեցել անցած տարվա աշնանը:

1476305417

Աղբյուր՝ ria.ru

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝