Պատմական Պալմիրան վերականգնելու խնդիրն ավելի արդիական է, քան որեւէ նոր հետազոտական ծրագիր

1017648584

Ռուսաստանի Գիտությունների ակադեմիայի փորձագետները կարծում են, որ Պալմիրան ահաբեկիչներից ազատագրելուց հետո հնարավոր է թանգարան-արգելոցը վերականգնել ինչպես ամբողջովին, այնպես էլ առանձին մասերը՝ ներառյալ հանրահայտ Հաղթանակի կամարը, հաղորդում է «Ինտերֆաքս» գործակալությունը:

«Պալմիրան հսկայական թանգարան-արգելոց է: Այն կարելի է վերականգնել: Դա ահռելի տարածք է հռոմեական ավերակներով, որոնք վերականգնելը հնարավոր է եւ անհրաժեշտ»,- հայտարարել է ՌԴ Գիտությունների ակադեմիայի հնագիտության ինստիտուտի տնօրեն Նիկոլայ Մակարովը:

Նրա խոսքերով՝ առանձին հուշարձանների վերականգնումն ավելի բարդ հարց է, ինչը պետք է քննարկել փորձագետների հետ:

«Որոշ հուշարձաններ պայթեցրել են, սակայն բավարար չափով մնացել են տեղում եւ դրանք հնարավոր է վերստեղծել: Հավանաբար, հնարավոր կլինի վերականգնել հանրահայտ Հաղթանակի կամարը, իսկ մյուս հուշարձանների հարցով պետք է հատուկ քննարկում անցկացնել, քանի որ դա լուրջ փորձագիտական որոշում է, որը պետք է ընդունվի հուշարձանները զննելուց հետո»,- ասել է Մակարովը:

Ըստ նրա, տեսականորեն հնարավոր է մեկ տարվա ընթացքում Պալմիրայի պատմական հատվածը բերել այնպիսի տեսքի, որ այնտեղ կրկին զարգանա զբոսաշրջությունը:

Փորձագետը հիշեցրել է, որ հնագույն Պալմիրայի տարածքում աշխատանք կգտնվի ոչ միայն վերականգնողների, այլեւ հնագետների համար: «Հսկայական չափերի տարածք դեռ չի պեղվել, կան մեծ դամբարաններ, սակայն կարեւոր է վերականգնել հուշարձանները եւ փորձագիտական որոշում կայացնել այն մասին, թե ինչպես կրկին հմայք հաղորդել անապատում պահպանված հռոմեական քաղաքին»,- նշել է Մակարովը:

Նրա կարծիքով Պալմիրան որպես թանգարան վերականգնելու խնդիրը հիմա ավելի արդիական է, քան որեւէ նոր հետազոտական ծրագիր:

Աղբյուր՝ «Ինտերֆաքս»

Թարգմ.՝ Էդիտա Աթոյան

Դիտվել է՝