Հանճարեղ եւ տարօրինակ Բեթհովենը. փաստեր «վիենական կլասիկայի» վերջին հսկայի մասին

Снимок

1. Լյուդվիգ վան Բեթհովենի (Ludwig van Beethoven) ծննդյան օրը նրա կենսագրության առաջին գաղտնիքն էր: Հայտնի է միայն նրա մկրտության օրը՝ 1770թ.-ի դեկտեմբերի 17-ը: 7 տարեկանում Բեթհովենը հանդես է եկել իր առաջին համերգային ծրագրով: 12-ամյա հանճարը սկսել է գրել իր առաջին ստեղծագործությունները: Բեթհովենի հայրը լավագույնս հոգ է տարել նրա խորացված երաժշտական կրթության համար։ Նա ձգտում էր որդուն դարձնել «երկրորդ Մոցարտ» և սովորեցնում էր կլավեսին ու ջութակ նվագել։

2. Բեթհովենը երբեք չի ամուսնացել, սակայն բազմաթիվ սիրուհիներ է ունեցել: Սիրահետել է հայտնի երգչուհի Էլիզաբեթ Ռյոքելին (Elisabeth Röckel): Կոմպոզիտորի մտերիմ ընկեր Ֆրանց Վեգելերը վկայել է. «Վիենայում ապրած տարիներին Բեթհովենը մշտապես գտնվել է սիրային հարաբերությունների մեջ»:

3. Կենսուրախ երիտասարդը ժամանակի ընթացքում վերածվել է բարդ բնավորությամբ անձնավորության: Նա շոկի մեջ է եղել, երբ իմացել է վերահաս հիվանդության՝ խլության մասին: Կոմպոզիտորը խոստովանել է, որ մտադիր է եղել անգամ ինքնասպանություն գործել:

4. Բեթհովենը «վիենական կլասիկայի» հսկաներից վերջինն էր: Ընդհանուր առմամբ նա սերունդներին է թողել ավելի քան 240 ստեղծագործություն՝ այդ թվում 9 սիմֆոնիա եւ 5 դաշնամուրային կոնցերտ:

5. Բեթհովենն ընդամենը 1 օպերայի հեղինակ է: «Ֆիդելիոն» նրան տրվել է ծանր, տառապալից աշխատանքի գնով: Ստեղծագործությունը դասվում է «սարսափի և փրկության» օպերայի ժանրին։

6. Բեթհովենի 9-րդ սիմֆոնիան, որի պրեմիերան կայացել է 1824թ.-ի մայիսի 7-ին եւ բուռն ծափողջույնների է արժանացել, հեղինակը չի կարողացել լսել: Այն մինչ օրս համարվում է երաժշտության պատմության անգերազանցելի ստեղծագործություն:

7. Բեթոհեվենը տարբեր հեղափոխությունների համակիր է եղել: Միեւնույն ժամանակ երգահանը բուրժուական կենսակերպ է վարել:

8. Բեթհովենն իր կենդանության օրոք արդեն ընդունվում եւ ճանաչվում էր որպես հանճար, եւ դա ուղիղ համեմատական կերպով ազդում էր նրա հոնորարների չափի վրա: Բեթհովենը միլիոնատեր չէր, սակայն իր ժամանակաշրջանի չափորոշիչներով մեծահարուստ էր:

9. Բեթհովենն աչքի էր ընկնում նաև իր կոպտությամբ։ Մի անգամ, երբ նա նվագում էր հասարակական վայրում, հյուրերից մեկն սկսել է խոսել տիկնոջ հետ։ Բեթհովենն ընդհատել է ելույթը և բղավել. «Այսպիսի խոզերի համար ես չեմ նվագի»:

Մեկ ուրիշ անգամ Բեթհովենը հյուր է գնացել իշխան Լիխնովսկուն։ Վերջինս շատ էր հարգում կոմպոզիտորին, և համարվում էր նրա ստեղծագործությունների սիրահարը։ Նա ուզում էր, որպեսզի Բեթհովենը նվագի հյուրերի համար։ Կոմպոզիտորը հրաժարվել է եւ լքել կալվածքը։ Առավոտյան Բեթհովենը Լիխտովսկուն նամակ է ուղարկել.
«Իշխա՛ն, այն բանի համար, որ ես կամ, ես պարտական եմ ինձ: Կան և կլինեն հազարավոր իշխաններ, իսկ Բեթհովենը մեկն է»:

Չնայած դրան, Բեթհովենի ընկերները նրան համարում էին շատ բարի մարդ ՝ նշելով, որ կոմպոզիտորը երբեք չէր մերժում իր մտերիմների օգնության խնդրանքը:

10. Բեթհովենը սկսել է զրկվել լսելու կարողությունից 27 տարեկան հասակում: Հիվանդությունը հետզհետե բարդացել է, եւ 48 տարեկանում հանճարեղ երգահանն ամբողջովին զրկվել է լսելու կարողությունից: Նոր հետազոտություններն ապացուցում են, որ հիվանդության պատճառը եղել է բծավոր տիֆը, որը տարածված վարակ էր Բեթհովենի ապրած տարիներին: Անգամ այդ վիճակում նա չի դադարել ստեղծագործել:

Աղբյուր՝ Deutsche Welle
Թարգմ.՝ Էդուարդ Մխիթարյան

Դիտվել է՝