Կոմպրոմատների «պատերազմ»

1372181738,435

Իշխանության ներսում շահերի բախումն ու հակամարտությունը իշխանական տարբեր կլանների միջև կարծես թե առավել առարկայական է դառնում: Հակամարտող կողմերն են ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը և ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Այս երկու բարձրաստիճան պաշտոնյաների միջև կոմպրոմատների պատերազմ է սկսվել, որին հետևելիս կարելի է ավելի հստակ պատկերացում կազմել, թե իրականում ինչպես է փոշիացվում պետական բյուջեն: Սույն «պատերազմի» հրահրողը Հովիկ Աբրահամյանն էր, որը ՀՀ վերահսկիչ պալատի կողմից հայտնաբերած հարյուրավոր միլիոն դրամների չարաշահումների փաստը որակեց որպես թալան, իսկ չարաշահումներ կատարողներին՝ որպես բյուջե «լափողներ»: Բնականաբար այս որակումների անուղղակի հասցեատերը ՀՀ կառավարությունն էր և նրա ղեկավարը: Առայժմ դժվար է ասել, թե ինչով էր պայմանավորված Հովիկ Աբրահամյանի՝ կառավարության նկատմամբ նման ագրեսիվ գործելաոճը և արդյո՞ք այն համաձայնեցված էր գործող նախագահ Սերժ Սարգսյանի հետ:

Առավել հավանական է, որ նեղ անձնական և կլանային շահերից ելնելով Հովիկ Աբրահամյանը ինքնագործունեությամբ է զբաղվել, այլապես Սերժ Սարգսյանի հրահանգով գործելու դեպքում հազիվ թե Տիգրան Սարգսյանը համարձակվեր պատասխանել Հովիկ Աբրահամյանին: Տիգրան Սարգսյանը հակամարտության սկզբում փոխվարչապետ Արմեն Գևորգյանի միջոցով պաշտպանողական ոճ որդեգրեց, բայց այնուհետև անցավ կտրուկ հարձակման: Արդյունքում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հանկարծ բացահայտեց, որ Արմավիրի մարզում Հովիկ Աբրահամյանի եղբայրն ու զարմիկը հսկայական քանակությամբ կառավարության կողմից սուբսիդավորվող էժան դիզվառելիք են ձեռք բերել:

Այնուհետև Տիգրան Սարգսյանը բոլոր նախարարություններին հրահանգեց անարձագանք չթողնել հնչեցվող մեղադրանքները՝ կամ խոստովանել, կամ հերքում պահանջել: Նրա կողմից այսպիսի ագրեսիվ հակահարձակումը կարող է նշանակել երկու բան. իշխանության ներսում Տիգրան Սարգսյանի դիրքերն այնքան ամուր են, որ կարող է կոպիտ հակահարված տալ «ստաժավոր» հանրապետական Հովիկ Աբրահամյանին, կամ վարչապետի գործողությունները կոորդինացնում է անձամբ Սերժ Սարգսյանը: Առավել հավանական է երկրորդ տարբերակը, առավել ևս որ Սերժ Սարգսյանը պետության երկրորդ ու երրորդ դեմքերի «կոմպրոմատային պատերազմի» մասով խորհրդավոր լռում է:

Էժան դիզվառելիք յուրացնելու մեղադրանքից հետո տարօրինակ զուգադիպությամբ մամուլում արտահոսքի տեսքով մի տեղեկատվություն հայտնվեց, ըստ որի՝ «Դատաիրավական ԾԻԳ»-ի տնօրեն Արթուր Թունյանը վերջին տարիներին արտասահմանում երկու թանկարժեք տուն է գնել: «Դատաիրավական» ԾԻԳ-ը այն նույն հաստատությունն է, որ ըստ վերահսկիչ պալատի հաշվետվության՝ 1 մետր մալուխը, որը խանութներում արժե մոտ 130 դրամ, բայց ԾԻԳ-ի գործունեության շրջանակներում իրականացվող շինարարության համար այն ձեռք է բերվել 1007 դրամով: Այս հրապարակումը կարելի է համարել պատասխան էժան դիզվառելիք ձեռք բերելու մեղադրանքին, քանի որ տարատեսակ ԾԻԳ-երը ենթարկվում են ՀՀ կառավարությանը, իսկ նրանց գործունեության համար պատասխանատվություն է կրում նաև կառավարության ղեկավարը:

Տիգրան Սարգսյանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում, երբ մի կողմից մամուլում մեղադրվում է օֆշորային խարդախությունների մեջ, մյուս կողմից ենթարկվում է Հովիկ Աբրահամյանի խմբավորման «արշավներին»՝ մեղադրելով նրան բյուջեն «լափելու» մեջ: Նման իրավիճակներում, երբ իշխանության երկու ճյուղեր մեկը մյուսին մեղադրում են պաշտոնական դիրքի չարաշահման, բյուջեից գումարներ յուրացնելու և այլ հանցագործությունների մեջ, պետք է որ երկուսն էլ անհապաղ հրաժարական ներկայացնեն, և գործով զբաղվեն իրավապահները:

Դերենիկ Մալխասյան

Դիտվել է՝

Պատասխանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրապարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *-ով

Դուք կարող եք օգտագործել հետևյալ HTML թեգերը և ատրիբուտները. <a href="" title=""> <abbr title=""> <acronym title=""> <b> <blockquote cite=""> <cite> <code> <del datetime=""> <em> <i> <q cite=""> <strike> <strong>